Ինչու են համանախագահները խոսում հասարակություններին խաղաղաության նախապատրաստելու մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան խորհրդարանական ընտրությունների թեժ քարոզարշավին համընթաց շարունակվում է ակտիվությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Ու թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, չեն հանդիպել բանակցային սեղանի շուրջ, սակայն բավական ակտիվ քննարկումներ են ընթանում երկու երկրների Արտաքին գործերի նախարարների միջեւ: Ինչպես հայտնի է, հերթական հանդիպումը տեղի է ունեցել Միլանում, որից հետո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել` պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքը Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Համանախագահները դիմել են կողմերին ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը շարունակելու եւ երկրների բնակիչներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Մնացականյանն ու Մամեդյարովը վերահաստատել են իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորման եւ հետագա լարվածության նվազեցման համար: Ընդգծելով, որ Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ տեղի ունեցած վերջին հանդիպումը անցել է դրական մթնոլորտում. միջնորդները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ակտիվ արդյունքների միտված բանակցությունները շուտով կվերսկսվեն հակամարտության արդար եւ տեւական կարգավորումը գտնելու համար: Մինչ այդ, ըստ հայտարարության, արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հերթական՝ արդեն չորորդ հանդիպումն անցկացնելու մասին:

Հատկանշական է, որ համանախագահները շեշտում են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սա, թերեւս, ամենակարեւոր հանգամանքներից մեկն է, քանի որ հատկապես հարեւան երկրում տասնամյակներ շարունակ հակահայկական քաղաքականություն է իրականացվել, ինչն էլ ավելի է դժվարացրել կողմերի դիրքորոշումների մերձեցումն ու փոխհամաձայնության գալու հնարավորությունը: ՈՒ եթե կողմերը ցանկանում են իսկապես հասնել ԼՂ խնդրի լուծման, ապա առաջին հերթին պետք է աշխատեն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ` հստակ բացատրելով փոխզիջումների էությունն ու անհրաժեշտությունը: Այլապես բանակցային գործընթացն իմաստ չունի, եւ խաղաղության գնալու փորձերն երկուստեք կարող են ներքին լուրջ դիմադրության արժանանալ:




Լրահոս