«Ժողովուրդ» օրաթերթը թանգարանի տնօրենի պաշտոնը լքելու, նախընտրական քարոզարշավի, այդ շրջանակում ծավալված բանավեճերի, կիրառված փիար տեխնոլոգիաների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:
-Տիկի՛ն Թուխիկյան, քանի որ Դուք պատգամավոր ընտրվելու պարագայում չեք կարող շարունակել կառավարել ՊՈԱԿ-ը, առաջ է եկել թանգարանի տնօրենի ընտրության թեման: Թումանյանի ժառանգները բաց նամակ են հղել Հայաստանի իշխանություններին՝ շեշտելով, որ թանգարանի հաջորդ ղեկավարը կրկին ոչ թումանյանագետ չպետք է լինի (Նկատի ունեն, որ Դուք եւս թումանյանագետ չեք): Ժառանգներն առաջարկում են տնօրենի պաշտոնում նշանակել բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանին, որը տասը տարուց ավելի աշխատել է թանգարանում եւ ծանրակշիռ փորձ ունի նաեւ այդ առումով։ Դուք ի՞նչ եք մտածում այս ուղղությամբ:
-Նախ՝ ՊՈԱԿ-ների տնօրենները մրցույթով են նշանակվում, երկրորդ՝ եթե մարդ լավ գիտնական է, դեռ չի նշանակում, որ կարող է նաեւ լավ կառավարիչ լինել: Ես եւս թումանյանագետ չեմ եղել, բայց մեր փոխտնօրենը թումանյանագետ է, բացի այդ՝ թանգարանում կա գիտական խորհուրդ, որին անդամակցում են հրաշալի թումանյանագետներ, եւ տարեկան ծրագրերը կազմելիս անպայման խորհրդակցում ենք նրանց հետ: Երբ ես էի ընտրվել որպես տնօրեն, այս խոսակցությունները կրկին ակտուալ էին: Ես դրանց լուրջ չեմ վերաբերվում: Այդ ժամանակ էլ Սուսաննա Հովհաննիսյանը մասնակցում էր մրցույթին, բայց չանցավ, որովհետեւ այս պարագայում կարեւոր է մենեջմենթին տիրապետելը, թանգարանի զարգացման հեռանկար, տեսլական ունենալը: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի:
-Չե՞ք ափսոսում, որ կարող եք լքել թանգարանը, որի զարգացման գործում Ձեր ավանդն ունեք…
-Նախ՝ հայտնի չէ՝ ես կընտրվեմ պատգամավոր, թե ոչ, այդ պատճառով դեռ վաղ է եզրահանգումներ անել: Բայց, այսպես թե այնպես, 2020 թվականի հունվարին պետք է լրանար մշակույթի նախարարության հետ կնքած իմ պայմանագիրը, եւ ես որոշել էի չթարմացնել այն, չմասնակցել մրցույթին՝ տնօրենի պաշտոնը զիջելով երիտասարդ սերնդին: Վստահ եմ, որ թանգարանում պետք է անընդհատ ռոտացիա լինի: Շուրջ 12 տարի է՝ ղեկավարում եմ ՊՈԱԿ-ը. դա բավական երկար ժամանակահատված է նույն տեղում աշխատելու համար: Որքան էլ լավ գաղափարներ ունենաս, դեռ անելիքներ ունենաս, պետք է ճանապարհ տաս երիտասարդներին: Հաստատ նրանք ավելի առաջադեմ են, քան ես:
-Մի փոքր էլ քաղաքական թեմաներից խոսենք: Նախընտրական քարոզարշավից ի՞նչ տպավորություններ ունեք: Հետեւու՞մ եք հեռուստատեսային բանավեճերին:
-Այո, հետաքրքիր բանավեճեր լինում են, լինում են նաեւ հիստերիկ բանավեճեր համապատասխան անձանց ներկայության դեպքում: Առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հաճելի է լսել, քանի որ այդպիսով ճանաչում ես նրանց, բայց երբ հիստերիկներն են «բանավիճում», եւ նրանց միակ նպատակը մանիպուլյատիվ բառերի կույտ օդ շպրտելն է, ցույց տալը, թե իբր խելացի են, ինֆորմացված, թե որքան լավ են տիրապետում թվական տվյալներին, իսկ դիմացինները չեն տիրապետում, դա արդեն շատ զզվելի է: Անկեղծ ասած՝ այդ պարագայում անջատում եմ հեռուստացույցը, քանի որ ափսոսում եմ ժամանակ տրամադրել ինքն իրեն վարկաբեկած քաղաքական ուժի ներկայացուցչին լսելուն:
-Ի՞նչ եք կարծում՝ այս քարոզարշավը փիար տեխնոլոգիաների կիրառման առումով որքանո՞վ է արդյունավետ:
-Նոր տեխնոլոգիաներ շատ չտեսանք. դռնեդուռ գնալը, հրապարակային ելույթները նոր չէին մեզ համար: Միակ բանը, որ նորություն էր, այն էր, որ հանրապետականներն ամաչեցին իրենց լոգոն տեղադրել պաստառների վրա: Հռետորական մտահոգություններ նրանք հնչեցրին, բայց իրենց պաստառները կախեցին հնարավորինս բարձր տեղերում, եւ իրենք իրենց լոգոյից ամաչեցին: Սա նշանակում է, որ հայելու մեջ նայելու համար երես չունեն: Սա էր իմ տեսած ամենահետաքրքիր «տեխնոլոգիան»:
Աննա Բաբաջանյան