Ինչպիսի ընդդիմություն կլինեն ԱԺ պատերից դուրս մնացած ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես, ոչ ՀՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին չհաջողվեց ԱԺ ընտրություններում հաղթահարել խորհրդարան անցնելու համար 5 տոկոսանոց շեմը: Խոսքը խորհրդարանի «հնաբնակ» երկու կուսակցությունների մասին է, որոնցից ՀՀԿ-ն դեռ 1995 թվականից իշխանության մեջ էր, արդեն 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո քսան տարի շարունակ իշխանության ղեկին, իսկ ՀՅԴ-ն որոշակի ընդմիջումներով մաս է կազմել իշխող կոալիցիաներին, ընդդիմադիր ժամանակ էլ հաճախ գործելով ՀՀԿ-ի հետ համահունչ: ՈՒ հիմա ՀՀԿ-ն, որ 23, իսկ ՀՅԴ-ն՝ 19 տարի շարունակ ներկայացված էին խորհրդարանում, հայտնվել են ԱԺ պատերից դուրս:

Իրադարձությունների նման ընթացքն, իհարկե, սպասելի էր. երկու ուժերն էլ վաղուց ի վեր կորցրել են հասարակության վստահությունը: Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ն համաժողովրդական շարժման արդյունքում հեռացվեց իշխանության ղեկից: ՀՅԴ-ի նկատմամբ եւս խորը անվստահություն կա՝ հաշվի առնելով այս կուսակցության մեկ իշխող կոալիցիայի անդամ լինելը, մեկ ընդդիմադիր կեցվածքը: Ընդ որում, ՀՅԴ-ականներն իրենք էլ են մի քանի անգամ խոստովանել, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում վարկանիշի անկում են գրանցել: Հիմա այս այս երկու կուսակցությունները «դատապարտված են» գործելու որպես արտախորհրդարանական ընդդիմություն. արդեն հանդես են եկել նման հայտարարություններով, խոստանալով մնալ քաղաքական օլիմպոսում:

Բայց այս երկու կուսակցությունները նոր կարգավիճակում կանգնած են բավական լուրջ խնդրի առաջ. ի տարբերություն նախկին ընդդիմադիր ուժերի, ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն չունեն հասարակական լայն աջակցություն: Մինչդեռ, նախկինում ընդդիմությունը մշտապես վայելել է հասարակության անվերապահ վստահությունը:

Անգամ Կոմունիստական կուսակցությունը ՀՀ անկախացումից հետո ավելի մեծ հանրային աջակցություն ուներ, քան այսօր ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են. բավական է հիշել, որ Կոմկուսը 1995թ. ընտրություններից հետո անցավ խորհրդարան: Բացի այդ, եթե ՀՅԴ-ն ինչ-որ առումով դեռ ընդդիմադիր դաշտում գործելու «փորձ» ունի (չնայած 90-ականների նրանց գործունեությունը հիշեցնում էր տեռորիստական կառույցների, իսկ վերջին տարիներին նրանք իշխանությունների վերահսկողության տակ էին), ապա ՀՀԿ-ն նման փորձ էլ չունի. հեռավոր 90-ականների սկզբում էին նրանք ընդդիմադիր դիրքերից հանդես գալիս, բայց եւ արագ հայտնվեցին իշխանության մեջ:

Այնպես որ, այս երկու կուսակցություններից դեռ շատ ժամանակ է պահանջվելու հանրային աջակցություն ստանալու հարցում. հազիվ թե հասարակությունը շուտ մոռանա նրանց իշխանավարման տարիները, եւ անգամ նոր իշխանությունների սխալների դեպքում:




Լրահոս