Հարձաքննությունների շարք Նարեկ Սարգսյանի գործով. ԱԱԾ-ն անցել է գործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 5 ամիս տեւած փնտրտուքներից հետո` դեկտեմբերի 6-ին, Պրահայում հայտնաբերվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, որը իրավապահներին էր ներկայացել Ֆրանկլին Գոնսալես անուն ազգանունով: Մինչ ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվում է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը կազմակեպելու հարցով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նրա դեմ հարուցված քրեական գործով նոր փուլ է սկսել:

Ինչպես հայտնի է, հուլիսի 6-ից Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում: Վերջինս եւ իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանը հետախուզվում էին ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Արտեմ Պետրոսյանն ինքնակամ ներկայացավ իրավապահներին, նրան կալանավորեցին երեք թիկնապահների հետ, Իսկ Նարեկ Սարգսյանին փնտրում էին:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերին գրել էր, որ իրավապահները արձանագրել են, որ Հայաստանը լքելուց հետո Նարեկ Սարգսյանը որոշ ժամանակ գտնվել է Իսպանիայում, ապա մեքենայով գնացել է Գերմանիա, այնտեղ եւս կարճ ժամանակ է մնացել եւ կրկին մեքենայով գնացել այլ եվրոպական երկիր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ նա հիմնականում շրջել է եվրոպական երկրներում, ուստի նրա կոնկրետ գտնվելու վայրը չի հաջողվում ճշտել եւ դեռ ավելին` նա որեւէ կասկածելի բան չի իրականացնում, որ իրավապահները նրան բերման ենթարկեն:

Եվ ահա դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Պրահայում հայտնաբերեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հիմա ԱԱԾ-ն այս գործով անցել է նոր փուլի:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` ԱԱԾ-ն այս օրերին կրկին հարցաքննության է կանչել Նարեկ Սարգսյանի գործով կալանավորված թիկնապահներին:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը կրկին ցուցմունք է վերցրել Նարեկ Սարգսյանի թիկնապահներից 49-ամյա տղամարդուն առեւանգելու, ծեծի ենթարկելու դեպքից: Ինչպես հայտնի է, 49-ամյա Արամը դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ Նարեկ Սարգսյանը իրեն առեւանգել եւ ծեծի է ենթարկել, քանի որ նա ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Այս ակումբի բացման հետեւանքով Նարեկ Սարգսյանի եւ իր միջեւ վեճ է եղել, եւ նրան առեւանգել են եւ ծեծի ենթարկել:

Ի դեպ, գրել էինք, որ գործով կալանավորված թիկնապահները դեպքի ողջ մանրամասները պատմել էին ԱԱԾ քննիչներին, թե ինչպես են առեւանգել, ուր են տարել, ինչ են արել: Եվ հիմա ԱԱԾ-ն կրկին թիկնապահներին կանչում է հարցաքննության: Ըստ էության, նախաքննական մարմինը այս քայլին դիմում է, որպեսզի Նարեկ Սարգսյանի Հայաստան տեղափոխելուց հետո գործով ապացույցները, փաստերը ավելի հիմնավոր լինեն:

Դժվար չէ ենթադրել, որ Սարգսյանը Հայաստան վերադառնալուց հետո երբ հարցաքննվի եւ, առհասարակ, առերեսման գնա իր թիկնապահների հետ, չի ընդունի մեղադրանքները, եւ դեռ ավելին՝ կփորձի ամեն գնով պաշտպանվել: Այնպես որ, այս հարցում կարեւոր է իրավապահների պատրաստվածությունը մեղադրանքները մինչեւ վերջ պնդելու եւ ապացուցելու համար: Այլապես, հետեւանքները կարող են ծանր լինել:

Քնար Մանուկյան




Լրահոս