Այս օրերին Հայաստանում հանրությունը շունչը պահած սպասում է ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին: Ճիշտ նույն անհամբերությամբ, ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ սպասում են՝ արդյոք ԱՄՆ նախագահն իր ելույթում կարտաբերի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ:
ԱԺ արտահերթ ընտրություններից հինգ օր է անցել, սակայն մինչեւ հիմա ո՛չ ՌԴ իշխանությունները, ո՛չ էլ ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից որեւէ մեկը չի շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ: Սա այն դեպքում, երբ ԱԺ ընտրությունների արդյունքներն ընդունել են բոլորը` ե՛ւ ընտրություններին մասնակից ուժերը, անգամ նրանք, որ պարտվել են, ե՛ւ ՀՀ քաղաքացին, ե՛ւ միջազգային դիտորդական կազմակերպությունները:
ՌԴ-ի, նաեւ ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների շնորհավորանքի բացակայությունը դարձել է Հայաստանում ամենաքննարկվող թեման` առիթ հանդիսանալով քաղաքագիտական տարբեր վերլուծությունների:
Բայց եթե անկեղծ լինենք, ապա այս թեման շատ արհեստական է, նույնիսկ անիմաստ: Անիմաստ, որովհետեւ գերտերությունների աջակցությունը փնտրում են սեփական երկրում լեգիտիմություն չունեցող իշխանությունները (ինչպիսին ՀՀ նախկին իշխանություններն էին):
Ի վերջո, նախկինում, երբ ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, թանաքը դեռ չչորացած, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Արեւմուտքը շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, ավելի վաղ` Ռոբերտ Քոչարյանին, դրանից նրանց լեգիտիմությունն ավելացա՞վ, սեփական երկրի քաղաքացիների վերաբերմունքը լեգիտիմությունից զուրկ իշխանության նկատմամբ փոխվե՞ց: Իհարկե, ոչ: Միեւնույն է, անկախ օտարերկրյա պետությունների ղեկավարների շնորհավորական ուղերձներից` նրանք համարվում էին ոչ լեգիտիմ:
Հիմա եթե ՌԴ-ն կամ ԱՊՀ որեւէ երկիր չի շնորհավորել Փաշինյանին, պակասե՞ց նրա իշխանության լեգիտիմությունը: Իհարկե, ոչ. փաստ է, որ ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են ազատ եւ արդար, անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյոք շնորհավորական ուղերձների բացակայությունը նշանակում է, որ նույն ՌԴ-ն չի ճանաչելու Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակն ԱԺ ընտրություններում, չի ճանաչելու նրան՝ որպես ՀՀ իշխանություն, ու, որպես այդ ամենի հետեւանք, հրաժարվելու է նրան ընդունել միջպետական հարաբերություններում: Իհարկե, ոչ: Եւ ուրեմն այդ սպասումներն անիմաստ են, ակնկալիքները՝ ձեւական: