Նախընտրական գործընթացներն այլևս անցյալում են, և եկել է ռեալ աշխատելու ժամանակը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ երեկ մի քանի ուշագրավ հայտարարություն հնչեց:
Նախ` Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ աշխատանքային այցով մեկնել է Բաքու:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Լավրովն ասել է, թե ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եւ գտնել արդյունավետ լուծում: «Ռուսաստանը` որպես Ադրբեջանի եւ Հայաստանի մտերիմ գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Լավրովը` հավելելով, որ հանդիպումները, որ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների միջեւ, կայացել են մինչեւ ՀՀ-ում անցած խորհրդարանական ընտրությունները: Ըստ Լավրովի` այսօր, երբ այդ ընտրություններն արդեն անցել են, եւ Հայաստանում ձեւավորվելու է նոր կառավարություն, հայկական կողմը պատրաստ կլինի վերականգնել բանակցային գործընթացը: «Մենք, իհարկե, չենք ձգտելու խնդրի կարգավորման սկզբունքային նոր որոշումների։ Կարգավորման հիմքերը հասկանալի են, բայց կփորձենք գտնել նոր, կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ձեւակերպել կոնսենսուսը»,- նշել է նա:

Կարծես որպես այս խոսքերի արձագանք` Ղարաբաղյան խնդրին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը մեզ համար շարունակում է լինել գլխավոր առաջնահերթություն։ Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության։ Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»:
ՌԴ ԱԳ նախարարի եւ ՀՀ վարչապետի միջեւ այս հեռակա երկխոսությունն ուշագրավ է: Այսպիսով, ՌԴ-ն` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, իր վրա պատասխանատվություն է վերցնում Ադրբեջանի անունից հայտարարելու բանակցությունները վերսկսելու եւ արդյունավետ լուծում գտնելու պատրաստակամության մասին: Ընդ որում, ՌԴ-ն միաժամանակ շեշտում է, որ արդեն ավարտվել են ՀՀ ԱԺ ընտրությունները, ձեւավորվել է նոր իշխանությունը, ըստ այդմ՝ կրկին ժամանակն է վերադառնալու բանակցային սեղան: Եւ սրան անմիջապես հաջորդում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, երբ, արձանագրելով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը` որպես ՀՀ գլխավոր առաջնահերթություն, շեշտում է՝ կարգավոումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը: Այսինքն՝ ՀՀ-ն պատրաստ է այդ գործընթացին, ու նույնն ակնկալում է Ադրբեջանից:

Փաստորեն նախընտրական գործընթացներն այլեւս անցյալում են, եւ եկել է ռեալ աշխատելու ժամանակը, աշխատելու նաեւ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:




Լրահոս