Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր
ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան
Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական
կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության
հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին:
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ»
կազմակերպության առաքելությունը և առաջիկա նախաձեռնությունները,
մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:
Գեղամ Գևորգյանը նշել է, որ նման ծրագիրը խիստ կարևոր է ՀՀ
գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ նպաստում են գյուղական
բնակավայրերում նոր աշխատատեղերի բացմանը և եկամուտների ավելացմանը:
Հյուրերի տեղեկացմամբ` բրդի վերամշակման երկամյա ծրագիրը նպատակ ունի
նպաստել բրդի ողջ արժեշղթայի զարգացմանը՝ ոչխարաբուծությունից մինչև
տարատեսակ ապրանքների արտադրություն: Այն մշակվել է «Մարդը կարիքի մեջ»
կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ամասիայի համայնքապետարանի,
Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս
կենտրոնների ցանցի համատեղ ջանքերով, իրականացվելու է 2019 թվականին «ԵՄ-ն
Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի
շրջանակում:

Ծրագրով նախատեսվում է նաև տեղի բալբաս տեսակի ոչխարների տրամախաչում
կորիդել տեսակի բրդամսատու տեսակի հետ։ Նախաձեռնողներն ակնկալում են, որ
բարեհաջող ընթացքի դեպքում այն կկիրառվի նաև այլ մարզերում։
Պատրաստակամություն հայտնելով աջակցել վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչմանը`
Գեղամ Գևորգյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության
ոլորտում նաև այլ նախաձեռնությունների, մասնավորապես` գյուղատնտեսական
քոլեջների ստեղծման և փորձացուցադրական այգիների հիմնման հնարավորությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս