Լուկաշենկոյի պահվածքն անտանելի է դառնում. Բելառուսում Հայաստանի դեսպանի հանդիպման հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղեւոնդյանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «նրանք մտքեր են փոխանակել եվրոպական եւ մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվել է երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարեւորությունը։ Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

Ակնհայտ է, որ իրականում Բելառուսում ՀՀ դեսպանի հանդիպումն այդ երկրի ԱԳ փոխնախարարի հետ սովորական բնույթ չի կրում, այլ կապված է վերջին ամիսներին երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածության հետ: Իսկ որ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ երկու երկրների հարաբերությունները վերջերս գնալով լարվում են, այլեւս փաստ է:
Սա թերեւս հետեւանք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների:

Պատճառն էլ այն է, որ ՀՀ-ն մտադիր չէ հեշտությամբ զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որին ժամանակից շուտ ձգտում է Բելառուսը: Ավելին` ՀՀ վարչապետը մի քանի անգամ բարձրաձայնել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, նաեւ ՀԱՊԿ փակ նիստերում քննարկված հարցերը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի ղեկավարության մոտ հանրայնացնելու պրակտիկան:
Եւ ահա, թվում էր՝ նախորդ շաբաթ Լուկաշենկոն, հայտարարելով, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Փաշինյանից, փորձում է գնալ հաշտության: Սակայն երեկ կրկին նա անհաճո հայտարարություններ է արել Փաշինյանի հասցեին` մասնավորապես, ասելով որ երբ ՀՀ վարչապետը բարձրացրել է Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ինքը հանդիմանել է, թե ինչու նույն մեղադրանքները չի ներկայացնում ՌԴ-ին, որն առաջինն է Բաքվին զենքի մատակարարումների հարցում: ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել է, թե Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումները հրապարակայնացնելու պրակտիկան, ավելին՝ նա ստացել է համարժեք պատասխան, որի մասին չի խոսում:

Ինչեւէ, որքան էլ այս փոխադարձ լեզվակռիվների շարանը կարող է հետաքրքիր թվալ, բայց եւ այն մտահոգիչ է, քանի որ երկու երկրների հարաբերությունները գնալով լարվում են: Այդ մասին է վկայում ՀՀ դեսպանի հանդիպումը նրանց ԱԳ փոխնարարի հետ: Չնայած, եթե անկեղծ լինենք, Լուկաշենկոյի այս պահվածքը նորություն չէ. նա օտարերկրյա շատ այլ պետությունների ղեկավարների դեպքում էլ հաճախ խախտել է թույլատրելիության սահմանները:




Լրահոս