ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի կողմից երեկ հասարակական լսումներ էին կազմակերպվել ՊՆ իրավաբանական վարչության կողմից հեղինակած «Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագծի շուրջ: Մինչ այժմ բանակում սպա-զինվոր  իրավահարաբերությունները կարգավորվում են կառավարության 96 թվականի որոշմամբ: Իսկ հիմա նոր լուծումներ են առաջարկվում:  Նախագիծն անցել է  միջազգային փորձաքննություն` ի դեմս  ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ու դրա ղեկավար Կապինոսի: Նախագծի անկյունաքարային փոփոխությունը վերաբերում է կարգապահական տույժին, որով  «գաուբախտը» նախատեսվում է փոխարինել կարգապահպան առանձին վաշտով: Փոփոխությունը պայմանավորված է առաջին հերթին ՀՀ սահմանադրության հետ անհամապատասխանությամբ. ՀՀ քաղաքացու ազատազրկումը կարող է կատարվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, ինչին դեմ էր Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը եւ դրույթն անվանեց չարիք:  Նա բերեց օրենքի նախագծի եւ իրականության մոդելավորման մի օրինակ. տուգանային վաշտը գտնվում է սովորական գումարտակից չգիտեմ ինչ հեռավորության վրա, մինչդեռ այն գումարտակում, որտեղ անցկացվում է զինվորական ծառայությունը, ռազմական տագնապ է: Հարց`  ո՞նց է այդքան հեռավորությունից զինվորը գալիս, մասնակցում այդ արարողությանը: Անհայտ մնաց: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ապագա մոդելավորմանը վերաբերող հարց բարձրացրեց` ինչ է լինում, երբ, ասենք, նույն կարգապահական վաշտում են հայտնվում շարքային ժամկետային զինծառայողը եւ նրա անմիջական վերադաս սպան, իրար հետ ուս ուսի  «հավասարաչափ, ասենք, մեշո՞կ են  կրում, հետո գնդապետը   պատիժը կրելուց հետո վերադառնում է գումարտակ, ու նրա նկատմամբ զինվորը հարգա՞նք է ունենում»: Նախագիծը ներկայացնող ՊՆ իրավաբանական վարչության պետն ընդունեց, որ «կան բացեր, որոնք լրացուցիչ լրամշակման կարիք ունեն»: Դաշնակցական Լիլիթ Գալստյանի հարցը վերաբերում էր մյուս անկյունաքարային փոփոխությանը, որ զինծառայողը կարող է չկատարել վերադասի ակնհայտ ապօրինի հրամանները, եթե դրանք հակասում են ՀՀ սահմանադրությանը: Որ ստացված հրամանը ապօրինի է, զինծառայողը կողմորոշվում է ներքին համոզմամբ եւ ոչ միայն կողմնորոշվում, այլեւ մի զեկուցագիր գրում: Ունենում է նաեւ բողոքարկման իրավունք: Զինծառայողը, ըստ օրենքի նախագծի, կարող է չկատարել հրամանը, եթե այն վիրավորում է նրա արժանապատվությունը: Ընդհանրապես, երեկ բազմաթիվ հարցեր տրվեցին, որոնք, ըստ էության, պատասխաններ չստացան: Տեսնենք, թե հաջորդ փորձն ինչպիսին կլինի:  Վերջում նշենք, որ լսումներին մասնակցում էին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ԵԱՀԿ գրասենյակի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հեռանալուց առաջ իրեն հարցեր տվող լրագրողներին առաջարկեց չխախտել 50-օրյա լռության «պահքը»:




Լրահոս