ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը երեկ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրառմամբ: Ի զարմանս շատերի` այս անգամ նա կարողացել է խոսքը շարադրել առանց լուրջ էքսցեզների. «բոշան դու ես», «այ գավառական ծաղրածու» ոճով արտահայտությունները նրա բառապաշարում տեղ չեն գտել, թեեւ որոշ դեպքերում կար ընդգծված հեգնանք: Վիգեն Սարգսյանը ջանացել է հանդես գալ որպես մտահոգ քաղաքացի: Եթե անկեղծ, նրան դա չի հաջողվել: Ճգնելով հանդես գալ ամենախելացիի, պետության մասին լրջորեն մտածողի ու մտահոգվածի դիրքերից` Վիգեն Սարգսյանն ի վերջո կրկնել է մի քանի հայտնի ճշմարտություն:
«Փաշինյանը պետք է դառնա երկրի ղեկավար ու առաջնորդ ու դադարի լինել միայն ճառ ասող ընդդիմադիր գործիչ։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ քննադատելուց բացի որեւէ գործնական պարտականություն չկատարած համախոհների բանակից պետք է ձեւավորի երկրի համար պատասխանատվություն կրող գործուն թիմ: Ընդ որում, որպես թիմի ղեկավար նա անմիջականորեն եւ անձամբ պատասխանատու է լինելու այդ թիմի յուրաքանչյուր դերակատարի սխալների, բացթողումների, զանցանքների եւ հանցանքների, անզգույշ արտահայտությունների, ինքնագլուխ հանդիպումների, մարդկային որակների, իրենց ազգականների հաղթած տենդերների եւ բազմաթիվ այլ արածների եւ չարածների համար»: Այնուհետեւ Վ. Սարգսյանը շարունակել է. «Երկրորդը` ապագայի օրակարգի ձեւավորումն է եւ որոշումների ու իրականացվող քաղաքականության համար պատասխանատվության ստանձնումը: Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մեջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որեւէ հարցի պատասխանելիս հղում կատարել անցյալին: Բայց միակենտրոն իշխանության խաչը կրկնակի ծանր է»:
Միգուցե Վիգեն Սարգսյանը մտածում է՝ հայտնագործություն է արել: Բայց իրականում որեւէ մեկը չգիտի՞, որ Փաշինյանն այլեւս ընդդիմադիր գործիչ չէ, այլ դարձել է ՀՀ վարչապետը: Որեւէ մեկը չգիտի՞, որ նա պատասխանատվություն է կրում իր թիմի յուրաքանչյուր արածի համար: Որեւէ մեկը չգիտի՞, որ պետք է երկրի ապագայի օրակարգը ձեւավորել, չնայած իրականում այդ օրակարգն արդեն ձեւավորված է, ու Փաշինյանը հարապարակել է: Եւ ուրեմն, համաձայնե՛ք, Վիգեն Սարգսյանի «պետք է այսպես անել, պետք է այնպես անել» տոնայնությամբ երեկվա երկարաշունչ գրառումը անիմաստ էր, մեղմ ասած: Էլ չենք ասում այն մասին, որ եթե ՀՀԿ-ականները գիտակցում են այս ամենը, ինչո՞ւ իրենց իշխանավարման օրոք այդպես չէին վարվում: