ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» գնահատում են ընթացիկ տարվա ձեքբերումները: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին: Գործընկեր կառույցները հաշվետու տարվա կարևոր ձեռքբերումներից են համարում հանրապետության տարբեր մարզերում շահառու դարձած ընտանիքների հոգեվիճակի փոփոխությունը: Ձեռքբերումներից մեկն էլ 30 տարվա վաղեմության խնդրի լուծումն է Կոթի գյուղում:
«Այս ծրագիրը միշտ համարել եմ ամենահաջողվածներից: Կա մի քանի պատճառ. կատարվում է կարևոր գործ և մարդիկ արժանապատվությամբ հաղթահարում են տարիների խնդիրը: Հատկապես ուրախ եմ սահմանին ապրող մեր հայրենակիցների համար: Աջակցություն ստացած ընտանիքներն Նոր տարին նշելու են նոր բնակարանում: Թող այսուհետ կյանքը միայն հաճելին մատուցի նրանց: Շնորհակալություն համագործակցության համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընթացիկ տարում հատկապես կարևոր ձեռքբերում էր կոթեցի ընտանիքներից մեկին ցուցաբերված աջակցությունը: Երեսուն տարի, երկաթյա տնակում, հակառակորդի գնդակոծության հնարավոր վտանգներից երեխաներին պաշտպանած ընտանիքը կշարունակի ապրել իր հայրենի գյուղում: Այս անգամ, սակայն, առավել ապահով՝ քարե տանը: Հուսահատությունն այլևս հոգեվիճակ չէ նրանց համար. մարդիկ սկսում են ժպտալ ու հավատով նայել ապագային: Սա ամենաերկար սպասված նվերն էր՝ Ամանորի շեմին: Առաջին անգամ կյանքում Բեջանյանների երեսունամյա որդիները սկսել են մտածել ընտանիք կազմելու մասին», – ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տնօրեն Աշոտ Եղիազարյանը:
Տավուշի մարզի Կոթի գյուղում բնակվող Բեջանյանների ընտանիքը վագոն-տնակում ապրել է երեք տասնամյակ՝ այդ ամբողջ ժամանակ զգալով հակառակորդի կրակոցից եկող իրական վտանգը: Ընտանիքի հայրը՝ Բաբկենը, կյանքի հիսուն հինգ տարիներից մեծ մասն անցկացրել է 27 քմ մակերեսով մետաղյա պատերի մեջ: Կինը՝ Նունեն, երեք երեխաների հետ տարել է ցրտաշունչ ձմռան դժվարությունը, ամռան տապը, հակառակորդի կրակոցների սարսափն ու ամեն անգամ ապրել հրաշքով փրկվելու երջանկությունը: Իսկ դուստրը՝ Գոհարը, հրաշքով փրկվածներից է. հակառակորդի գնդակոծությունից օրորոցում հայտնված բեկորը կարող էր անդառնալի լինել նորածնի համար: Այժմ նա արդեն հնգամյա որդու մայր է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ ընտանիքի կյանքը հիմնովին փոխվել է. Բեջանյանները քարաշեն, երկհարկանի տանը նախապատրաստվում է Նոր տարվա տոներին:
«Սա իմ կյանքի ամենաերջանիկ տարին է: Նախապատրաստվում եմ Նոր տարուն: Լուսավոր ու մեծ բնակարան տեղափոխվելով՝ ուղղակի մոլորվել եմ անսովորությունից: Տղաներս իրենց ննջարանն ունեն, մենք՝ մերը: Այժմ գնդակոծությունն այդքան սարսափելի չէ. քարե պատերն ավելի ամուր են և ես լիարժեք ապահովության զգացողություն ունեմ: Ունեմ մեծ երազանք. ուզում եմ նոր բնակարանում ամուսնացնել որդիներիս», – ասել է ընտանիքի մայրը՝ Նունե Բեջանյանը:
Բնակարանաշինության՝ ընթացիկ տարվա ծրագրով, տոներից հետո բնակարանամուտ կնշի ևս մեկ ընտանիք: Այս անգամ՝ Արագածոտնի մարզում: