Մամեդյարովի հայտարարությունն ինչո՞ւ է անիրականանալի. անջատում հանուն փրկության տարբերակն այլընտրանք չունի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, սակայն Ադրբեջանի կազմում: «Մեր երկիրը ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ ԼՂ հայազգի բնակիչների անվտանգությունը կապահովի, նրանց կտրամադրի բարձր մակարդակի ինքնավարություն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է նա:

Ըստ Մամեդյարովի` Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի շփումները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպումները ԼՂ կարգավորման գործընթացում «առաջընթացի որոշակի լավատեսություն են ներշնչում»: Միաժամանակ նա պարզաբանել է, որ առաջընթաց ասելով` նկատի ունի «օկուպացված տարածքներից հայկական զորքը դուրս բերելը»:

Հայաստանն, իհարկե, արձագանքել է Մամեդյարովի այս հայտարարություններին, այս անգամ ՀՀ ԱԳՆ խոսնակի միջոցով:
Նկատենք` Բաքուն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին: Բայց այդ հեռանկարը վաղուց բացառված է. ԼՂ-ն որեւէ կարգավիճակով այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ընդ որում` այդ հեռանկարը բացառել է հենց Ադրբեջանը իր գործողություններով:

Բավական է հիշել 1988թ. Սումգայիթի, Կիրովաբադի, ավելի ուշ նաեւ Բաքվի դեպքերը: Շատ ավելի թարմ է ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ժողովրդի հիշողությունը, երբ Թալիշ գյուղում դաժանաբար սպանվել էին քաղաքացիական անձինք՝ տարեց ընտանիք: Թարմ են հայկական սահմանամերձ գյուղերի պարբերական բնույթ կրող գնդակոծության հիշողությունները: Էլ չենք ասում այդ երկրի իշխանությունների հակահայկական քաղաքականության մասին, սեփական ժողովրդին հայատյացություն սերմանելու հետեւողական քայլերի մասին:

Ու այս իրավիճակում Մամեդյարովի հայտարարությունները, մեղմ ասած, ծիծաղելի են թվում: Ընդհակառակը, Ադրբեջանն իր քաղաքականությամբ հիմնավորել է ԼՂ խնդիրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարած «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակներում դիտարկելու անհրաժեշտությունը: ԼՂ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործողություններից հետո միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։




Լրահոս