Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ զինված ուժերի 20 սպաներին և նրանց ընտանիքներին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը կարգավորելու համար: «Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման և հայրենիքի սահմանների անառիկությունն ամրապնդելու ճանապարհին»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:
Շահառուներին հանձնելով բնակարանների բանալիները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:
Դավիթ Տոնոյանը բնակարանամուտ տոնող սպաներին և նրանց ընտանիքների անդամներին շնորհավորել է նաև առաջիկա տոների առթիվ, մաղթել խաղաղություն, բարձր տրամադրություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: