ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նիստից հետո երեկ բուռն զրույց է ունեցել կառավարության դիմաց հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների կողմից «քաշքշված» պատգամավորների հետ: Նա ասել է, թե թույլ չի տա վիրավորել իր ոստիկանին, նեղսրտել է, որ «ոստիկանն էլ է ցածր աշխատավարձ ստանում, բայց երբեւէ բողոքի ակցիա չի անցկացնում եւ անձնուրաց ծառայում է հայրենիքին»: «Հանգի՛ստ թողեք ոստիկաններին, նրանք քավության նոխազ չեն կարող դառնալ եւ լիցքաթափման գործիք չեն ձեր համար»,-պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հորդորել է Ալիկ Սարգսյանը` նշելով, որ պատգամավորների հետ միջադեպը ուսումնասիրել է անձամբ եւ ոչ իրավաչափ որեւիցե գործողություն չի նկատել:Ոստիկանապետը չի տեսել, թե ինչպես է ոստիկանը հրում եւ գցում Վարդգես Գասպարիին: Իսկ երբ Զարուհի Փոտանջյանը նրան առաջարկեց իրենց ձեռքի տակ եղած կադրերը դիտել, ստացավ այսպիսի պատասխան. «Մենք չենք ուզում ձեր հետ հարաբերությունների մեջ մտնել եւ կադրեր փոխանակել»:Պատգամավոր Փոստանջյանի հետ Ալիկ Սարգսյանը խոսել է նաեւ հեղափոխության թեմաներից` նշելով. «Հեղափոխությունը ես նորմալ երեւույթ չեմ համարում, ինչի՞ համար, որովհետեւ բոլոր հեղափոխություններից հետո էդ երկրները կործանվում են առնվազն տաս, քսան, երեսուն, հիսուն տարի: Հեղափոխությունը զենքի, բռնության միջոցով է իշխանությանը տապալում: Որտեղ հեղափոխություն, ընդեղ զենքի գործադրում, որը ես մեղադրում եմ»:Իսկ երբ պատգամավորը սկսեց շատ հարցեր տալ, Ալիկ Սարգսյանը չնահանջեց. «Մի՛ փորձեք ինձնից շատ խոսել, դա իմ մոտ չի անցնի: Դուք պրովոկացիայի եք գնում, տիկի՛ն Զարուհի, Դուք խոսք եք ման գալիս, որի վրա կկառուցեք Ձեր ամբողջ ֆանտազիան, էսօրվա դրությամբ մեռած ֆանտազիան: Բայց մենք ամեն ինչ գիտենք, ինֆորմացիան էլ գիտենք, Ձեր գործելաոճին շատ լավ ծանոթ ենք, բոլոր ոստիկանները Ձեզ արդեն ճանաչում են, չփորձեք Ձեր մեթոդներով մեր հետ աշխատել, չի ստացվի»:
ԵՎ ՄԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ