ՀՀ ռազմական ոստիկանապետը նորակոչիկների միջադեպի մասին` «քեռին եկել, խնդրվում է` ղալաթ եմ արել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 8-ին զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի փաստով քրեական գործ հարուցվեց։ Ռազմական ոստիկանությունում քրեական գործը հարուցվել է ՔՕ 258֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հիշեցնենք` վերոնշյալ օրը նորակոչիկի հարազատներից մեկը կանգնեցրել էր ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսը, վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծել, այդ թվում՝ վթարային իրավիճակ, հարկադրել են Պն վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ինչպես նաեւ հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին:

ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի հետ` հասկանալու համար, թե որտեղ էր ռազմական ոստիկանությունը, երբ նորակոչիկների մեքենան անօրինական կերպով կանգնեցնում են եւ վնասելով այն` բացում դռները:

-Պարո’ն Բաղդասարյան, որտե՞ղ է, ինչո՞վ է զբաղված ռազմական ոստիկանությունը, երբ այսպիսի դեպքեր են արձանգրվում: Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում կատարվածում:

-Ռազմական ոստիկանությունն իր տեղում է, շատ կազմակերպված աշխատանքներն իրականացնում է: Ինչ վերաբերում է ավտոբուսի հետ կապված. նախ իրենք զինվորականներ չեն, իրենք նորակոչիկներ են:

-Բայց արդեն զինկոմիսարիատից նրանք Ձեր հսկողության տակ պետք է լինեն…

-Իրենք զինվորական չեն, մենք ուղեկցենք որպես ի՞նչ: Բացատրեմ, երբ իրենք գնում-հասնում են Կենտրոնական հավաքակայան, մասնակցում են «ժիրիբյովկա» ասվածին, համազգեստը հագնում են եւ դառնում են զինվորական, այդ պահից սկսած մենք մեր մարդիկ դնում ենք , մեր ուղեկցումը կազմակերպում ենք ճանապարհային ոստիկանության հետ համատեղ եւ ճանապարհում ենք համապատասխան զորամասեր:

Բայց թույլ տվեք ասել, որ այն ինչ տեղի է ունեցել, անշնորհքություն է, երեւի ցանկացել են կրկնակի հաջողություն մաղթել իրենց նորակոչիկին: Մյուս քեռին նորակոչիկի, արդեն եկել, խնդրվում է, ասել է` երեք երեխա ունեմ, չորրորդը հեսա կծնվի, ղալաթ ենք արել: Բայց արդեն ուշ է, մենք ընթացք ենք տվել կատարվածին: Ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ մենք նորակոչիկներին չենք ուղեկցել, իրենք իրենց զինկոմից գնում էին կենտրոնական հավաքակայան, հո կալանավոր չե՞ն` ուղեկցենք, տղաները կամավոր գնում են բանակ:

Մենք կենտրոնական հավաքակայանից ենք որպես պատասխանատու անձ ավտոբուսի մեջ դնում ռազմական ոստիկան, որ տղաներին ցանկացած հարցով օգնեն: Այսօր, փառք Աստծո, այնպես է, որ բանակը այնպիսին է, որ ժամանակին արձակուրդը տալիս են, ծնողի հետ տեսակցությունը կազմակերպվում է ժամանակին, մեր հրամանատարական կազմը նորմալ վերաբերմունք ունի, հեռախոսը նախարարի հրամանով թույլ են տալիս, կարող են զանգահարել խոսել, ամեն լավ պայման ստեղծված է լավ ծառայելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս