Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի ակտիվ մասնակիցը բանակում ծառայելու ժամանակ է դատապարտվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել և մանրամասներ ներկայացրել երեկ նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակված անձանց ինքնությունների և դեպքերի վերաբերյալ: Ըստ այդմ, ակտիվ անձանցից մեկը եղել է 1996 թվականին ծնված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը, ով նախկինում դատապարտված է եղել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մերուժան Վարուժանի Ոսկանյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին, երբ նա հանդիսանալով շարքային զինծառայող, զորամասի շտաբի շենքի մոտակայքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված հանգամանքներում, հայհոյանքներ է հնչեցրել, ապա նկատողության համար վիճաբանության մեջ է մտել իր պետ, ավագ լեյտենանտ Սուրիկ Վահանի Բաբայանի հետ, որի ընթացքում քաշքշել, հայհոյել և բռունցքով հարվածել է վերջինիս ձախ ուսի շրջանին և իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի խզակոթով մեկ անգամ հարվածել Ս.Բաբայանի ձախ ոտնաթաթի շրջանին»:

Մեղադրանք է առաջադրված եղել նաև պետին` ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով` այն բանի համար, որ  վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Մերուժան Ոսկանյանի հետ, հայհոյանք է հնչեցրել և բռնություն գործադրել նրա նկատմամբ` հարվածել է Մ.Ոսկանյանի կրծքավանդակին, քաշքշել և ծնկով հարվածել նրա գլխին»:

Ըստ այդմ, դատարանը որոշել է  Մերուժան Վարուժանի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Մերուժան Վարուժանի Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:




Լրահոս