ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավական արագ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նրա շնորհավորական հեռագիրը Կրեմլի կայքում հայտնվեց Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի ստորագրումից մոտ մեկ-երկու ժամ անց: Ընդ որում, ՌԴ նախագահն օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինն էր, որ շնորհավորեց Փաշինյանին: «Հուսով եմ, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից»,- ասել է նա:
ՌԴ նախագահի կողմից Փաշինյանին առաջինը շնորհավորելն ուշագրավ էր: Ինչպես հիշում եք, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ չհղեց Փաշինյանին նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Մինչդեռ «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ էր տարել` ստանալով ընտրողների 70 տոկոսից ավելիի քվեն, եւ որեւէ մեկը` անգամ պարտված ուժերը, չվիճարկեցին ընտրությունների արդյունքները:
Եւ ահա նման ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ՌԴ իշխանությունների շնորհավորական ուղերձի բացակայությունը մի քանի օր շարունակ դարձել էր ներքաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման. ով չէր ալարում, հանդես էր գալիս այդ թեմայով վերլուծությամբ` շեշտելով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի, ՌԴ-ի սառը վերաբերմունքի մասին: Այս հարցում բավական ակտիվ էին նախկին իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցիչները:
Ճիշտ է, ընտրություններից հետո արդեն դեկտեմբերի վերջին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց ՌԴ, Պուտինն էլ հանդիպման ժամանակ բավական ջերմ էր արտահայտվել. «Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում Ձեր եւ Ձեր կողմնակիցների համոզիչ հաղթանակից հետո»:
Հիմա ՌԴ նախագահն առաջինն է շնորհավորում Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Սա հայաստանյան քննարկումներից հետո պատահական չէ: Միայն թե հետաքրքիր է՝ արդյոք նախկին վերլուծությունների հեղինակները կփորձե՞ն այդ անգամ հայտարարել հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ դրական ֆոնի մասին:
Չնայած, եթե անկեղծ, ապա անկախ շնորհավորանքների առկայությունից, հեռագիր հղելու արագությունից` իրականությունը չի փոխվում: ՀՀ-ում քսանամյա ընդմիջումից հետո վերջապես ձեւավորվել է լեգիտիմ իշխանություն, եւ ընտրությունների արդյունքներն ընդունում է ժողովուրդը, անգամ՝ պարտված ուժերը: