Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության երեկվա զեկույցում առկա շեշտադրումները հետաքրքիր էին: Կազմակերպությունը բավական կոշտ քննադատել է Հայաստանի նախկին իշխանություններին՝ հիշեցնելով, թե ինչպես Սերժ Սարգսյանը փորձեց երկարաձգել իր իշխանավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում, եւ ինչպես դա թավշյա հեղափոխության առիթ դարձավ:
«Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ:
…Հայաստանյան նախորդ ընտրությունները մթագնվել էին ընտրակաշառքի, քաղծառայողների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներով, ինչը դարձել էր գարնանը սկսված բողոքի ցույցերի պատճառներից մեկը»,- նշված է զեկույցում:
Սա, իհարկե, Human Rights Watch-ի կողմից Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին առաջին քննադատությունը չէ: Դեռ նրա պաշտոնավարման տարիների Human Rights Watch-ն ամենամյա զեկույցներում մատնանշել է ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիայի ծավալները եւ այսպես շարունակ:
Human Rights Watch-ի երեկվա զեկույցում մեկ ուշագրավ փաստ էլ կար. այս անգամ նրանք անդրադարձել են նաեւ մարտի 1-ի քրեական գործին՝ շեշտելով, որ «նախորդ իշխանությունների օրոք իրականացված հետաքննությունը միակողմանի էր: Այդ հետաքննության արդյունքում դատարանի առջեւ էին կանգնել միայն ընդդիմադիրները, 52 ցուցարար հայտնվել էր բանտում»: Բացի այդ, նրանք նշել են, որ Հայաստանի նոր իշխանությունները վերակենդանացրին այդ հետաքննությունը` մեղադրանքներ ներկայացնելով երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սահմանադրական կարգը տապալելու համար: «Նախկինում կատարված անիրավությունները հետաքննելիս իշխանությունները պետք է լիովին հարգեն բոլոր ազատազրկվածների իրավունքները եւ երաշխավորեն արդարադատության անկախությունը»,- իր զեկույցում շեշտել է Human Rights Watch-ը:
Այլ կերպ ասած` Human Rights Watch-ը չնայած անխնա քննադատել է նախկին իշխանություններին, փոխարենը դրական արտահայտվել Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գործունեության վերաբերյալ, այնուամենայնիվ, նախազգուշացրել է մարտի 1-ի գործով մեղադրյալների իրավունքները հարգելու եւ անկախ արդարադատություն իրականացնելու մասին: Ասել է թե` միջազգային կառույցներն, այնուամենայնիվ, հետեւելու են մարտի 1-ի գործի ընթացքին: Եւ այս առումով նոր իշխանություններն իրենց գործողությունները պարտավոր են խստորեն համապատասխանեցնել օրենքի ոգուն եւ տառին, առաջին հերթին հենց ՀՀ հեղինակությանը վնաս չհասցնելու համար: