Նուրբ հաշվարկված շահարկումներ. Փաշինյանի դեմ ձևավորվող բոլոր բևեռների ներկայացուցիչների հույսը մեկն է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներն իշխանության դեմ պայքար ծավալելիս փորձելու են հիմնական շեշտը դնել սոցիալական խնդիրների վրա: Սա միանգամայն պարզ է, քանի որ Փաշինյանի հակառակորդները նախկին իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներն են:

Իսկ նախկին իշխանությունները լավ գիտեն, թե ինչ ավիրված տնտեսություն են ժառանգություն թողել, եւ Փաշինյանի կառավարությունից գերմարդկային ջանքեր ու ժամանակ կպահանջվի տնտեսությունն ուշքի բերելու համար:

2018թ. օգոստոսին, իր հարցազրույցներից մեկում մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդի ոգեւորության մասին, հայտարարել էր. «Երբ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք ժողովրդին»:

Ասել է թե` Փաշինյանի դեմ ձեւավորվող բոլոր բեւեռների ներկայացուցիչների հույսը մեկն է. սպասում են, որ նոր իշխանությունները չկարողանան ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր անել, ինչի արդյունքում դժգոհություններն անխուսափելի կլինեն, եւ իրենք էլ կփորձեն միջնորդավորված կամ անձամբ առաջնորդել այդ դժգոհությունները:

Նկատենք, որ այս ամենը մի կողմից էլ հենց Փաշինյանի օգտին է խոսում. ի վերջո, որեւէ մեկը նրա իշխանությանը չի մեղադրում կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության, ընտրակեղծարարության, անարդարության համար (իսկ եթե արդարադատության վերաբերյալ քննադատություն կա, ապա հեղինակները պահանջում են լինչի դատաստանի ենթարկել կամ առնվազն երկար ժամկետով կալանավորել նախկին իշխանության ներկայացուցիչներին` նրանցից վերադարձնելով ժողովրդից թալանած միջոցները):

Այսինքն՝ Փաշինյանի իշխանության հասցեին չեն հնչում այն մեղադրանքները, որոնք հնչել են նախկինների դեպքում, եւ որոնք հենց դժգոհությունների, համաժողովրդական ընդվզման պատճառ դարձան: Սա ինքնին կարեւոր փաստ է: Իսկ սոցիալ-տնտեսական խնդիրներն իրենց լուծումը կստանան ժամանակի ընթացքում: Պարզապես պետք է մի փոքր համբերություն:




Լրահոս