Փաշինյանը հերթով հաշտվո՞ւմ է նախկին գործընկերների հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հետաքրքիր ենթատեքստեր ուներ: «Իմ եւ Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաեւ բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների եւ քննադատության հանդեպ»,- գրել է նա եւ հավելել,- «Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ն իր անդամներին, համակիրներին եւ ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլեւ նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով»:

Փաշինյանը խոսում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին այն դեպքում, երբ իր ու այդ կուսակցության հարաբերություններն արդեն մի քանի ամիս է՝ բավական լարված են: ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններում պարտվեց, չանցավ ԱԺ: Եւ ՀՅԴ այս ընդհանուր ժողովում հենց Հրանտ Մարգարյանն անձամբ էր հայտարարել հաջորդ ընտրություններում այս իշխանություններին «տուն ուղարկելու» մասին:

Մինչդեռ, եթե հիշում եք, թավշյա հեղափոխությունից հետո ՀՅԴ-ն Փաշինյանի իշխանության կազմում էր: Բայց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ արդեն, երբ քաղաքական դաշտը բաժանվեց սեւ ու սպիտակի, նրանց հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց: Գնալով այդ լարվածությունն աճեց, ու հոկտեմբերին իրավիճակը հանգուցալուծվեց քաղաքական «ապահարզանով»:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, լինելով Փաշինյանի կառավարության կազմում, հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում կողմ քվեարկեցին ՀՀԿ օրենսդրական վիճահարույց նախաձեռնությանը, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հենց փողոցում Փաշինյանը ստորագրեր փաստաթուղթ՝ միջնորդելով ՀՀ նախագահին պաշտոնանկ անել ՀՅԴ եւ ԲՀԿ նախարարներին: ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ Փաշինյանը ՀՅԴ-ականներին մեղադրեց դավաճանական հայտարարությունների համար:

Հիմա, սակայն, Փաշինյանը կարծես հերթով հաշտվում է նախկին գործընկերների հետ: ԲՀԿ-ի հետ հաշտությունը բավական արագ եղավ, երբ նա հանդիպեց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Պատահական չէ, որ ե՛ւ ԱԺ ընտրությունների ժամանակ, ե՛ւ դրանից հետո Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարեց Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու, աջակցելու մասին, թեեւ իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություն են:

Հիմա, փաստորեն, հերթը հասել է ՀՅԴ-ի հետ հաշտությանը: Կարելի է ենթադրել, թե որն է լինելու հաշտության նախապայմանը. Փաշինյանի ուղերձում ՀՅԴ-ին ուղղված ակնարկը «նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով» ներկայանալու մասին է:




Լրահոս