ՕԵԿ նախկին թեկնածուին բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանի եւ նրա եղբոր շուրջ աղմկահարույց պատմությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանի եղբորը՝ Գառնիկ Շիրինյանին, որը Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի թեկնածուներից էր, բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գառնիկ Շիրինյանը եւ այլ անձինք տարածքի հետ կապված վիճաբանություն են ունեցել, որից հետո բանը հասել է բռունցքներին, սակայն միջամտել են դեպքի վայր ժամանած իրավապահները ու Գառիկ Շիրինյանին եւ այլ անձանց տեղափոխել են ոստիկանություն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության իսկությունը փորձեց պարզել ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ 2018 թվականի նոյեմբերի 27-ին` 20:08-ին, անհայտ անձը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել: Իրավապահները շտապել են Տիգրան Մեծ պողոտա, որտեղից վիճաբանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Գառնիկ Շիրինյանին եւ եւս մի քանի հոգու: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, սակայն ավելի ուշ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Ուշագրավն այն է, որ քրեական գործ չի հարուցվել:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Շիրինյան եղբայրները հայտնվում են պատմության մեջ: Նոյեմբերի 2-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է եղել, հնչել է կրակոց: Տեղեկություններ կան, որ վիճաբանության մասնակիցներն են եղել Ներսես Շիրինյանը եւ իր եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, սակայն ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, միջադեպով հարուցված քրեական գործով վերոնշյալ անձինք չեն անցնում: Ի դեպ, այդ օրը կրակոցները արձակվել էին Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նվիրած զենքով: Այս գործով քննությունը դեռեւս Քննչական կոմիտեում շարունակվում է:

Ստացվում է, որ Շիրինյան եղբայրները մշտապես հայտնվում են պատմությունների կիզակետում, սակայն ինչ-ինչ հանգամանքներում ջրից չոր են դուրս գալիս:

Քնար Մանուկյան




Լրահոս