Armenian text to speach

«Դավադրություններ» Փաշինյանի դեմ. Ալիևի հետ հանդիպման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպումների վերաբերյալ «դավադրությունների տեսանկյունից» արվող վերլուծություններն «իրավիճակի չընկալման» հետեւանք են, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է խոսում:

«Դավադրության տեսության» կողմնակիցներն իրականում լավ էլ ընկալում են իրավիճակը, հստակ գիտակցում են ամեն ինչ: Պարզապես այս պահին պետք է փաստերը խեղաթյուրել, հասարակությանը կեղծ թեզերի հիման վրա մանիպուլացնել: Ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես վարվել են վերջին քսաներկու-քսաներեք տարիների ընթացքում: Բայց եթե նախկինում նրանց քայլերը որոշակի տրամաբանություն ունեին, քանի որ իրենք իշխանության ղեկին էին (ընդ որում, իշխանության ղեկին հայտնվել էին պետական հեղաշրջման միջոցով` այդ ճանապարհին օգտագործելով ԼՂ հիմնահարցը, եւ Արցախյան հիմնախնդիրը հետագայում էլ շահարկեցին այդ իշխանությունը պահպանելու ու երկարաձգելու համար), թավշյա հեղափոխությունից հետո այլ իրավիճակ է: Իրենք հեռացվել են իշխանությունից, խորհրդարանական ընտրություներից հետո օրենսդիրից դուրս շպրտվեցին անգամ նախկին իշխանության ոչ միայն մնացուկները, այլեւ մետաստազները:
Հիմա քաղաքական լուսանցքից էլ նրանք շարունակում են նույն գործելաոճը՝ ամեն ինչ հարամելու միտումով: Հաշվարկն էլ պարզ է. հասարակությունն այս թեմաների նկատմամբ գերզգայուն է (ի վերջո, քսան տարի շարունակ հասարակության մեջ երկուստեք ներարկել են անհանդուրժողականության, ատելության համապատասխան չափաբաժինը), եւ ուրեմն հնարավոր է իրավիճակն օգտագործել առաջ տանելու կեղծ թեզերը:

Այլապես ցանկացած ողջախոհ մարդու համար էլ պարզ է, որ ԼՂ խնդրում բանակցություններն այլընտրանք չունեն, ավելի ճիշտ՝ այլընտրանքը պատերազմն է: Պարզ է նաեւ, որ միջազգային հարթակներում Ալիեւի հետ ցանկացած հանդիպում եւ շփում միայն օգուտ է բանակցային գործընթացին, որքան էլ այդ հանդիպումները կրեն ոչ ֆորմալ բնույթ: Ի դեպ, հենց նման շփումներից մեկի արդյունքում է, որ վերջին ամիսներին անհամեմատ նվազել են սահմանային լարվածությունն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Պարզ է նաեւ մեկ բան. Հայաստանը թեեւ հայտարարել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին, միեւնույն է, ինքը եւս այդ բանակցություններում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտներից մեկն է, հետեւաբար պարտավոր է այդ ուղղությամբ անել քայլեր: Ու պարտավոր է քայլերն անել` անկախ նրանից, թե ոմանք ինչպես են փորձում նենգափոխել իրականությունը: Ի վերջո, խաղաղությունն այլընտրանք չունի բոլոր կողմերի համար:




Լրահոս