Ով փոխարինեց Հրանտ Մարգարյանին և ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները: Ընտրվել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը՝ ՀՅԴ բյուրոն, որի անդրանիկ նիստին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է թե` հենց նա է փոխարինելու Հրանտ Մարգարյանին։ ՀՅԴ նորընտիր բյուրոյի անդամներն են` Արմեն Ռուստամյան՝ նախագահ, Վիգէն Բաղումեան, Արամ Գալուստեան,Վիգէն Եագուպեան, Յակոբ Խաչերեան, Արսեն Համաբարձումյան, Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճեան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տօնապետեան,Յովսէփ Տէր-Գէորգեան, Մուրադ Փափազյան:

Ուսումնասիրելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի մասին տեղեկությունները` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ նա նախկինում նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ է եղել (Կանադա): Նա եղել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ: Սակայն նկատենք, որ բյուրոյի կազմի փոփոխությունն այդքանով չի սահմանափակվում, եւ, օրինակ, Սպարտակ Սեյրանյանն այս անգամ որպես քաղաքական ներկայացուցիչ չի ընդգրկվել կազմում, այլ նրա փոխարեն Արսեն Համբարձումյանն է:

Բանն այն է, որ 2000 թվականից ի վեր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը Հրանտ Մարգարյանն էր, եւ 2018 թվականի ընտրությունները վերջին քսան տարվա մեջ առաջինն էին, որում ՀՅԴ-ն պարտվեց: Եվ, անշուշտ, վերջին շրջանի զարգացումները բերելու էին նրան, որ ՀՅԴ-ի ներսում պետք է փոփոխություններ արվեին: Հենց այդպես էլ եղավ, սակայն սերնդափոխություն, որպես այդպիսին, կուսակցության վերնախավում չեղավ: Դա, իհարկե, սպասելի էր, քանի որ այս կուսակցությունն, այնուամենայնիվ, դժվար է փոփոխությունների գնում:

Մասնավորապես, Հակոբ Տեր-Խաչատրյանը կարկառուն ՀՅԴ-ականներից է եւ վաղուց է Կանադան ներկայացնում կուսակցությունում: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նա Սփյուռքի այն հատվածի ներկայացուցիչների թվին է պատկանել, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Այսինքն` չնայած սա սերնդափոխություն չէ, սակայն ձեւական փոփոխություն էլ չէ, քանի որ Տեր-Խաչատրյանը ՀՅԴ «ընդդիմադիր» թեւից է եղել: Նա ակտիվ է եղել նաեւ Հայ Դատում եւ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է: Հրանտ Մարգարյանը ՀՅԴ պարսկալիբանանյան թեւի ներկայացուցիչ էր համարվում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս