Խորհրդանշական ներկայություն. Արման Թաթոյանի` Մոսկվա այցի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում եռակողմ հադիպում է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «հանդիպումն առանձնացել է կարեւորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ»:
Հանդիպման ժամանակ քննարկված հարցերը շատ կարեւոր են, եթե հաշվի առնենք, թե ինչ տարատեսակ խնդիրերի են բախվում ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները:

Բայց այդ հանդիպումն աչքի զարնեց մեկ այլ առումով. երկու երկրների օմբուդսմենների հանդիպմանը ներկա է եղել Տիգրան Սարգսյանը, որ նախկինում ՀՀ վարչապետն էր, այժմ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Նրա ներկայությունը շատ խորհրդանշական էր: Հիշում եք, թե Տիգրան Սարգսյանն իր վարչապետության տարիներին ինչպիսի գործուն աջակցություն է ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու հարցում: Այդ մասին Տիգրան Սարգսյանը նույնիսկ խոստովանել էր իր հայտնի հարցազրույցում. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում: Պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը չի նվազում: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացե՛ք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»:

Ճիշտ է, հետո, երբ այս հայտարարությունների հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, Տիգրան Սարգսյանը շտապեց հայտարարել, որ կատակել է: Բայց, մյուս կողմից, տնտեսության բնագավառում նրա քայլերը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասները (որոնց հետեւանքները տեսնում ենք առ այսօր), տնտեսական անկումները վկայում են, որ պարոն Սարգսյանը լավ էլ գործուն մասնակցություն է ունեցել իր նախանշած ծրագրի իրականացմանը:

Այնպես որ, արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների իրավունքների մասին քննարկումներում Տիգրան Սարգսյանի ներկայությունը՝ որպես կենդանի խորհրդանիշ, իսկապես դիպուկ էր:




Լրահոս