Վերջը դրվեց. ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային սեղանից` Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, իսկ ավելի կոնկրետ` բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին խոսելիս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւոր դիտարկում է արել: Հայտարարելով, որ Ադրբեջանի պաշտոնակցի հետ քննարկում են նաեւ այդ հարցը` նշել է. «Այս բոլոր հարցերը, բնական է, որ քննարկման առարկա են, մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը. 20 տարի ձեւավորված է եղել մեկ ձեւաչափ, որ բանակցությունները տեղի են ունեցել հայտնի ձեւավորված շրջանակի մեջ, եւ այն, ինչ վարչապետն ասում է, մեզ համար կարեւոր է պրակտիկ առումով, որ Ղարաբաղը պետք է հանդես գա հարցի քննարկմանը»:

Փաստորեն, ՀՀ ԱԳ նախարարը վերջ է դնում մեկ կարեւոր բանավեճի` ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային սեղանից` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը:

Քսան տարի շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը Քոչարյանին մեղադրել են ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելու համար: Եւ, իսկապես, մինչեւ 1998թ. ԼՂ-ն ունեցել է վետոյի իրավունք: Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմնախնդրի կարգավորման սկզբունքները դեռ մինչեւ 1999թ. ուղարկում էին երեք մայրաքաղաքներ՝ Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ: Դրանից հետո այդպես չեղավ, քանի որ Քոչարյանը հայտարարել էր, թե ինքը ներկայացնում է ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂ-ն: Չնայած սրան` Քոչարյանն էլ իր կողմնակիցների հետ հակադարձել է, թե իրականում ԼՂ-ն բանակցություններին ներկա չի եղել արդեն 1997թ. սկսած:

Եւ, ահա, ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելու մասին բանավեճը քսան տարի շարունակ եղել է: Բայց հիմա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արձանագրելով, որ «20 տարի ձեւավորված է եղել մեկ ձեւաչափ» (այսինքն` առանց Ղարաբաղի ձեւաչափը), հանգուցալուծում է՝ լեգիտիմացնելով Տեր-Պետրոսյանի հայտարությունները:

Զ.Մնացականյանի հայտարարությունը կարեւոր է հետեւյալ առումով. ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին ՀՀ-ն առաջին անգամ հայտարարություն է անում գործող ԱԳ նախարարի մակարդակով:

Մնացականյանը Փաշինյանի քաղաքական թիմի անդամ չէ, նա իշխանության մեջ նոր մարդ չէ, այլ տարբեր առնացքային դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել 1991թ.-ից, նաեւ Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության տարիներին:

Ու որ ամենակարեւորն է. քսան տարի առաջ՝ Քոչարյանի ղեկավարման ընթացքում, Մնացականյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի` արտաքին հարաբերությունների վարչության պետի պաշտոնը մինչեւ 2002 թվականը: Այսինքն` ի պաշտոնե նա լավ տեղեկացված է եղել բանակցային գործընթացի մանրամասներից: Այնպես որ, հազիվ թե նրա հայտարարությունները պատահական լինեին:




Լրահոս