ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս Գյումրիում հայտարարել է, թե գործող սահմանադրության շրջանակներում ինքը լիովին կարողանում է կատարել իր պարտականությունները: «Ես լիովին բավարարված եմ այն սահմանադրությամբ, որով ընտրվել եմ, եւ գիտակցել եմ, թե ինչ սահմանադրությամբ եմ ընտրվել, եւ համապատասխանաբար որեւէ խնդիր չեմ տեսնում խորհրդարանական պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության համար»,- ասել է նա: Նախագահը նաեւ խոսել է սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին` հասկացնելով, թե դրա անհրաժեշտությունը չկա. «Եթե փոփոխությունների կարիքը լինի, դա իմ ցանկությամբ չէ, հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ եւ նախագահական, նրանց երկխոսության արդյունք պետք է լինի, ոչ թե նախագահի կամ որեւէ այլ գործչի ուղղակի մեկնաբանությունների»,- նշել է նա:
Հետաքրքիրն այն է, որ նախագահ Սարգսյանը սահմանադրությամբ իրեն ընձեռնված լիազորությունների մասին ժամանակին միանգամայն այլ տեսակետ ուներ: Նա շատ դժգոհ էր, որ Հայաստանում վարչապետն ավելի մեծ լիազորություններ ունի, քան ինքը: Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, նա դժգոհել էր` հայտարարելով, թե սահմանադրությամբ վարչապետին հսկայական լիազորություններ են տրված, եւ որ իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ:
Իհարկե, դրան հետեւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը` ընդ որում, թեեւ անուղղակի, բայց եւ բավական կոշտ: Փաշինյանն իր առաջին իսկ ասուլիսում պարզ տեքստով հայտարարել էր, թե եթե բալանսավորում լինի, ապա ոչ թե նախագահի ու վարչապետի, այլ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների միջեւ: «Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ, հետեւաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի եւ դատական իշխանությունների միջեւ,- ասել էր նա եւ իմիջիայլոց հավելել,- թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ–երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք»:
Հիմա, փաստորեն, Արմեն Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում մտափոխվել է ու արդեն գոհ է կարգավիճակից: