Խախտել է պայմանները․ մշակույթի նախարարությունը պայմանգիր է խզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը «Սարգիս եւ Մարիաննա» ընկերության հետ կնքված պայմանագիրը միակողմանի խզել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության եւ ընկերության միջեւ դեռեւս նախորդ տարվա մայիսի 31-ին է պայմանագիր կնքվել: Ըստ պայմանագրի` «Սարգիս եւ Մարիաննա»-ն պետք է իրականացներ Լոռու մարզի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի բաղնիքի ամրակայման, վերականգման, օգտագործման եւ տարածքի մասնակի բարեկարգման գիտանախագծային ու նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, սակայն պարզվում է, որ ընկերությունը չի հասցրել իրականացնել այդ աշխատանքները:

Չնայած սրան` ընկերության եւ նախարարության միջեւ նախորդ տարվա հոկտեմբերին դարձյալ պայմանագիր է կնքվել, եւ աշխատանքների կատարման ժամկետը երակարաձգվել է, իսկ վերջնաժամկետ սահմանվել նոյեմբերի 19-ը, բայց ընկերությունը դարձյալ չի իրականացրել պայմանագրով նախատեսված պահանջները: Արդյունքում Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 25-ին որոշել է պայմանագիրը խզել ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տուգանվել է 280 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ առաջիկայում Մշակույթի նախարարությունը դիմի Ֆինանսների նախարարություն` ընկերությանը սեւ ցուցակում` գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով:




Լրահոս