Խեղաթյուրման ռիսկեր սոցապ ծառայությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունումՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն է: Այսինքն` այն ժամանակահատվածն է, երբ սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ հիմնականում ուսումնասիրվել է պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ պետական սեփականության կառավարումը: Իրականացվել է ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություն,եւ հայտնաբերվել են անհամապատասխանություններ:

Այսպես, ՀՀ հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ առկա են դեպքեր, երբ երկրից 12 ամիս բացակայող, աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 702 մլն 651 հազար 200 դրամ, կանխիկ եղանակով`619 մլն 99 հազար դրամ, երկրից 3-ից 9–ը ամիս բացակայող, աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին կանխիկ եղանակով փաստացի վճարվել է 4 մլն 23 հազար դրամ: Մինչդեռ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ: Առաջացել է ռիսկ, որ աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուները, որոնք պահանջվող ժամանակաշրջանի ընթացքում պատշաճ կարգով չեն ներկայացել բանկ, ստացել են կենսաթոշակ, որը ՀՀ օրենսդրությամբ ենթակա էր դադարեցման:

Մյուս կողմից` պալատի համար անհասկանալի է միեւնույն հավասար պայմաններ չունեցող քաղաքացիներին կենսաթոշակների միեւնույն չափաքանակի վճարումները: Քանի որ կենսաթոշակառուն արդեն իսկ ընդգրկված է այլ պետական ծրագրերով ֆինանսավորվող հարաբերություններում`հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում, որտեղ ապահովվվում է նրա կենսապահովման նվազագույն զամբյուղը, ըստ պալատի, նրանց կենսաթոշակների վճարումը անհավասար պայմաններ է ստեղծում այլ կենսաթոշակառուների նկատմամբ`դրանով իսկ խաթարելով սոցիալական համերաշխության եւ արդարության սկզբունքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 2017 թվականի ընթացքում մոնիթորինգի վարչության կողմից չի կատարվել ծառայության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքների ամբողջական վերլուծություն եւ գնահատում: Այսինքն` ստուգումներ չեն կատարվել վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություններում («Հայփոստ», բանկեր): Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի շահառուների մասով ի հայտ են եկել 2453 դեպք: Արդյունքում տվյալ շահառուների գծով առկա է խեղաթյուրման ռիսկ` առավելագույնը 796 մլն 625 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 5 դեպքերում չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, այնուամենայնիվ տրամադրվել է թաղման նպաստ`1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում, նշված 5 դեպքերում նպաստը ստացել է մեկ անձ:Ի դեպ, նշենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուների մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը»:

Սա դեռ ամենը չէ. ուսումնասիրության ընթացքում պարզվել է մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, 60 անձինք ստացել են 448 թաղման նպաստ`89.6 մլն դրամ գումարով: Ընդ որում, 4 անձ ստացել է 267 թաղման նպաստ`53.4 մլն դրամ, որից մեկ անձ`169 նպաստ`33.8 մլն դրամ, մեկ անձ`45 նպաստ`9 մլն դրամ, մեկ անձ` 35 նպաստ`7 մլն դրամ եւ մեկ անձ` 18 նպաստ`3.6 մլն դրամ: Միաժամանակ նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ որեւէ սահմանափակում չկա մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու քանակների վերաբերյալ, սակայն նշված հանգամանքը իր մեջ հնարավոր խեղաթյուրումների ռիսկեր է պարունակում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 126 ավանդատուների մասով սոցիալական աջակցության տարածքային մարմինները ներկայացրել են նույն տարում տեղեկանքների կրկնվող համարներ: Արդյունքում 126 ավանդատուների մասով պալատը հայտնաբերել է խեղաթյուրման ռիսկ` առավելագույնը 21 մլն 478 հազար դրամի չափով: Իսկ, ահա, 149 ավանդատուների մասով սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղեկանքների համարները եւ ամսաթվերը չեն լրացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել է խեղաթյուրման ռիսկ` 27 մլն 208 հազար դրամի չափով: Բացի այս, 19 ավանդատուների մասով սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղեկանքների ամսաթվերի եւ համարների մասերում այլ նշումներ են արել, եւ ավելի քան 3.9 մլն դրամի չափով առկա է խեղաթյուրման ռիսկ: Նաեւսոցիալական աջակցության տարածքային մարմինները 11 ավանդատուների մասով ցուցակներից հանել են ավանդատուների անունները եւ տվյալները ներկայացրել են առանց այդ 11 ավանդատուների: Արդյունքում 11 ավանդատուների մասով առկա է խեղաթյուրման ռիսկ` առավելագույնը 1 մլն 566 հազար դրամի չափով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս