ԱՄՆ-ն վերջերս առանձնահատուկ ակտիվություն է ցուցաբերում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր` ԱՄՆ-ն միշտ էլ ջանքեր է գործադրել հիմնախնդրի լուծման ուղղությամբ, սակայն նրա շահագրգռվածությունը վերջերս ավելի ակնհայտ է: Ընդ որում, այս գործընթացը կոորդինացնում է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը 2018թ. հոկտեմբերին տարածաշրջանային այցով ժամանել էր նաեւ Հայաստան ու Ադրբեջան: Այդ այցի շրջանակներում նա ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում խոսել էր ԼՂ խնդրի կարգավորման մասին: Մասնավորապես, Բոլթոնը Բաքվում հայտարարել էր, թե ԼՂ խնդրի կարգավորումը ռազմավարական տեսանկյունից իրենց համար կարեւոր նշանակություն ունի, իսկ արդեն Երեւանում նա ասել էր, թե հիմնահարցի կարգավորումը բխում է ոչ միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ շահերից: Նա նաեւ ակնարկել էր, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններում Փաշինյանի գլխավորած ուժը հաղթի, «նա կունենա ուժեղ մանդատ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար»:
Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ քննարկումների հիմնական թեման եղել է Արցախի հիմնախնդիրն ու հակամարտության կարգավորման հեռանկարը: «Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության շուրջ», – գրել է Բոլթոնը Թվիթթերի իր էջում առանց հավելյալ մանրամասներ հայտնելու:
Նկատենք, որ ավելի վաղ` հունվարի 23-ին, Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այդ մասին տեղեկատվություն տարածելիս Փաշինյանը հատուկ շեշտել էր, թե իրենք ԼՂ հիմնախնդիրը չեն քննարկել, այլ խոսել են տարածաշրջանային իրավիճակի եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երեկ էլ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանը, կրկին խոսելով Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին, նշել է, թե զրույցի ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը եւս չի շոշափվել:
Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցել, ցույց կտա ժամանակը: Սակայն փաստ է, որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Ֆրանսիան ժամանակ առ ժամանակ փորձում են այս գործընթացն առաջ մղել` ստանձնելով դերակատարություն: