ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԳՐԱՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան մարդիկ, որոնք աննկատ կերպով բարձր պաշտոններ են  զբաղեցնում, աննկատ իրենց գործունեությունն են ծավալում,  սուսիկ-փուսիկ  բացթողումներ ու  թերություններ են թույլ տալիս, սակայն կրկին մնում են ստվերում ու երբեւէ պատասխանատվության չեն ենթարկվում:   Ու որպեսզի այնքան էլ աննկատ չմնա այդպիսի պաշտոնյաների գործունեությունը, որոշեցինք ուսումնասիրել նրանցից մեկի` ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կադր Կարինե Կիրակոսյանի կյանքի անցած  ուղին եւ աշխատանքային «կենսագրությունը»:  Կարծում ենք` հարկ չկա հիշեցնել, որ նա, բնականաբար, Հանրապետական կուսակցության անդամ է: Ծնվել է Թալինի շրջանի Աշնակ գյուղում: 1981 թ. ավարտել է Երեւանի  ժողտնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1981-1982թթ. սովորել է ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում եւ այնքան բարեհաջող, որ ուսմանը զուգընթաց տնտեսագետի տեղ է հայթայթել ՀՍՍՀ աշխատանքի պետական կոմիտեում: Այնուհետեւ շարունակել է իր ձեռքբերումները աշխատանքային տարբեր պատասխանատու «պոստերում»: Իմիջիայլոց նկատենք, որ այս նրբագեղ տիկինը  զինապարտ է, պահեստի սերժանտ: Եւ Աստված ոչ արասցե, հայրենիքի համար օրհասական պահերին, կարծում ենք, տիկին Կիրակոսյանը հավատարիմ կմնա հարազատ կուսակցության գաղափարախոսությանը եւ իր  փխրուն ուսերին կվերցնի հայրենիքի զինվորի ծանր, բայց  նվիրական բեռը: Ինչեւէ, այժմ Կարինե Կիրակոսյանը ղեկավարում է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը եւ «անզեն աչքով» տեսանելի սխալներ թույլ չի տալիս: Թերեւս   աշխատանքային «հմտությունների» մեջ նրան ակնհայտորեն օգնել է 1990-1992 թթ. տնտեսական բարեփոխումների եւ սեփականաշնորհման գծով պետական հանձնաժողովի տնտեսական  խորհրդատուի 2 տարվա աշխատանքային փորձը: Ու թեեւ տիկին Կիրակոսյանն իր գործունեությունն իրականացնում է շատ զգույշ, այնուամենայնիվ,  ԱԺ Վերահսկիչ պալատի  ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել պետական գույքի  կառավարման վարչությունում: Սակայն դրանց համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:  2007 եւ 2008 թվականներին պետական գրանցումներ կատարելու, տուրքեր վճարելու համար տարեսկզբին նախատեսված գումարները այդ նպատակով չեն ծախսվել, այլ տարվա ընթացքում վերաբաշխում կատարելու արդյունքում ուղղվել են այլ հոդվածների: (Թե ինչ նպատակով են ծախսվել այդ գումարները, հավանաբար էլ չենք կարող իմանալ` մատնանշված  խախտումների բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում համապատասխան մարմինների կողմից դրսեւորված  անհետեւողականության արդյունքում):Վարչության կողմից խախտվել է օրենքով նախատեսված ընթացակարգը. մասնավորեցման կամ օտարման են ներկայացվել վարչության տնօրինությանն անցած շենքերից տարածքներ` առանց նախապես այդ տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու: (Հետաքրքիր է` այդ ընթացքում  ինչով է զբաղված եղել  անշարժ գույքի պետական կոմիտեն, երբ  ոտնահարվել է օրենքով նախատեսված ընթացակարգը:  Մեզ հայտնի են բազմաթիվ թերացումներ ու խախտումներ նաեւ կադաստրի աշխատանքներում, ուստի հասկանալի է դառնում օրենքը ոտնահարելու նման «համերաշխությունը»):Ըստ վարչության տվյալների` 2007-2008թթ. եւ 2009թ. առաջին եռամսյակում վարչության տնօրինությանը հանձնված շենքերի, շինությունների հաշվեկշռային արժեքների ավելացում չի եղել, սակայն ստուգմամբ պարզվել է, որ վարչության հաշվեկշռում հաշվառված շենքերում կատարվել են 226,464.0 հազ. դրամ գումարով հիմնանորոգման աշխատանքներ: Դրանք կատարվել են առանց վարչության համաձայնության եւ որեւէ կերպ չեն հաշվառվել: Արդյունքում անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը չի ավելացել: (Փաստորեն, պատկառելի  փողեր են  լվացվել,  եւ կրկին ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել): 2008 թվականին մրցույթով մասնավորեցում չի իրականացվել (մրցույթներին ներկայացված գույքը չի վաճառվել), իսկ 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում մասնավորեցում ընդհանրապես չի կատարվել: (Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե   ինչ  աճուրդների  մասին է խոսքը: Դրանք ընդամենը թղթի վրա նկարված ձեւական բաներ են, իսկ գույքի մասնավորեցման մասին  հանրությունը  շատ դեպքերում տեղյակ չի էլ լինում):Անշարժ գույքի օտարումն իրականացնելիս մի շարք դեպքերում խախտվել է ՀՀ կառավարության 27.03.1998թ. թիվ 209 որոշման պահանջը` ըստ որի գույքը ենթակա է կրկնակի գնահատման, եթե լրացել է գնահատման մեկ տարվա ժամկետը: (Կրկին զարմանալի չէ  վարչության  աշխատաոճը, ղեկավարների «դաբրոն»  ամենալավ գրավականն Է):Չի  կատարվել 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1543-Ն որոշման պահանջը` ըստ որի մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը պետական մարմինները վարչություն պետք է ներկայացնեին ինչպես առկա գույքի, այնպես էլ անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկատվություն: Ստուգման պահի դրությամբ մի շարք մարմիններ որոշման պահանջը չեն կատարել կամ սահմանված ժամկետում եւ ձեւերով չեն ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը: Նման պայմաններում հնարավոր չէ ստանալ պետական գույքի հաշվառման իրական պատկերը, մինչդեռ վարչությունը վերոնշյալ տեղեկությունների վերլուծության հիման վրա պետք է իրականացնի ուսումնասիրություններ եւ հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնի ՀՀ կառավարություն: (Հարկ է նշել, որ բազմաթիվ կառույցների ղեկավարներ կնախանձեին  նման ճկուն աշխատաոճին, ինչը հավուր պատշաճի նպաստում է, որպեսզի իրական պատկերը ամբողջական չլինի, եւ խուսանավելու հնարավորություններն էլ առավել մեծ լինեն): «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2007-2008թթ. 8,193.0 հազ. դրամի գնումներ կատարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 05.06.2008թ. թիվ 853 որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտումով: (Զարմանալի կլիներ, եթե կարեւորագույն այդ օղակի կողմից  սահմանված կարգի պահանջները չխախտվեին: Ուր մնաց` չնչին, ծիծաղելի գումարներով օտարված տարածքների մասին աղմուկը  պատկան մարմինների կողմից արժանանար ուշադրության): Սրանք ընդամենը մի քանի փաստեր են Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված բազմաթիվ խախտումներից ու չարաշահումներից: Շատերի համար հասկանալի, շատերի համար էլ անհասկանալի  է, թե ինչու  եւ ինչպես է այս տիկինը աննկատ  առաջ տանում իր կարիերան, ինչի արդյունքում  Երեւանը զրկվել է իր հողատարածքներից,  իսկ  ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետն իր ազդեցիկ պաշտոնից ստացած  բարիքներն է վայելում: Ավելին, ՀՀԿ-ական  տարբեր պաշտոնյաներ  հեռացվում են զբաղեցրած պաշտոններից, շատ դեպքերում էլ լուրեր են շրջանառվում այս կամ այն չինովնիկին պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն Կարինե Կիրակոսյանին դա երբեւէ չի սպառնում,  քանի որ նա իր գործը շա~տ  սուսիկ-փուսիկ է  առաջ տանում:  11.03.2011ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս