Պարզապես Հայաստանում հարկավոր էր իշխանափոխություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան՝ 2008թ. մարտի 1-ի նախկին քաղբանտարկյալներից Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործով դատավճիռները բեկանելու եւ նոր քննության ուղարկելու համար:

Դատախազության մեկնաբանմամբ` այս գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: ՄԻԵԴ-ը բավարարել է ժամանակին Մուշեղ Սաղաթելյանի բողոքն ու արձանագրել, որ նախկին քաղբանտարկյալի դեպքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին մեկ այլ քաղբանտարկյալի՝ Արամ Բարեղամյանի գործով էր դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Այս դեպքում էլ դատախազությունը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա պահանջել էր Բարեղամյանին արդարացնել՝ հռչակելով անմեղությունը:

Որ նախկին քաղբանտարկյալների գործերով բողոքները հատկապես ՄԻԵԴ-ը բավարարելու է, այս ավելի քան տասը տարիների ընթացքում որեւէ մեկը չի կասկածել: Քաղբանտարկյալների մեծ մասը, այդ թվում` Բարեղամյանն ու Սաղաթելյանը, դատապարտվել են այն ժամանակ «մոդայիկ» դարձած մեղադրանքով՝ իբր իշխանության ներկայացուցչին իբր դիմադրություն ցուցաբերելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Իսկ գործերը հիմնված են եղել ոստիկանների կեղծ ցուցմունքների ու կեղծ ապացույցների վրա` նպատակ ունենալով ճնշել այն ժամանակվա ընդդիմադիր շարժումն ու բանտարկել ընդդիմադիր առանցքային գործիչներին: Եւ այդ իրավիճակում բնական էր, որ հասնելով ՄԻԵԴ` դրանք հերթով փլվելու էին:

Պարզապես Հայաստանում հարկավոր էր իշխանափոխություն, որպեսզի իշխանության ներկայացուցիչները նախկին քաղբանտարկյալներին նաեւ ներպետական ատյաններով արդարացնելու գործընթաց սկսեր: Այլապես ՄԻԵԴ-ը նախկին քաղբանտարկյալներից առաջինը բավարարեց Ալեքսանդր Արզումանյանի բողոքը, այդ գործով որոշում կայացվեց 2018թ. հունվարին, այսինքն՝ նախկին իշխանությունների օրոք, բայց դատախազությունը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այդպես էլ չփորձեց դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Հիմա այլ իրավիճակ է: Եւ հիմա դատախազությունը նաեւ այս գործով կդիմի Վճռաբեկ դատարան, կդիմի նաեւ ՄԻԵԴ-ում հաղթած մյուս նախկին քաղբանտարկյալների՝ Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի գործերով: Նաեւ այն գործերով, որոնք դեռ պետք է հաղթեն:

Նույնիսկ այն դեպքում, երբ ՄԻԵԴ-ը բավարարի նախկին քաղբանտարկյալների դիմումները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը հռչակի նրանց անմեղությունը, անհնար է վերադարձնել ազատազրկման մեջ նրանց անցկացրած տարիները, փոխհատուցել այդ ժամանակն ու կորուստները:




Լրահոս