ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Թեքալի գյուղում կայացան  «Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում» թեմայով լսումներ: Ադրբեջանաբնակ Թեքալին գտնվում է Հարավային Կովկասի երեք հանրապետությունների սահմանին: Միջոցառմանը մասնակցում էին երեք երկրների հասարակական կազմակերպությունների  եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում նշվեց, որ Հարավային Կովկասում անվտանգության եւ համագործակցության  մթնոլորտի ձեւավորմանն ու  կոնֆլիկտների հաղթահարմանը կարող են նպաստել տնտեսական շփումներն ու ժողովրդական դիվանագիտությունը: Վրացի փորձագետ Մալխաս Չեմիան որպես ներկա համագործակցության օրինակ նշեց այն փաստը, որ ամեն անգամ, երբ  Բաքվից ու Երեւանից  մարդատար գնացքներ են ժամանում Թբիլիսի,   դրանց ուղեկցորդները կայարանում  իրար հետ «լեզու են գտնում»: Փորձագետ-կոնֆլիկտոլոգ Գեորգի Խուցիշվիլին էլ ասաց, որ մաքսանենգությունը ժողովրդական դիվանագիտություն չի կարելի համարել: Հավելենք, որ երբ Ադրբեջանում իրավապահները հայկական  արտադրության սննդամթերք են հայտնաբերում, դրանք ցուցադրական կերպով ոչնչացնում են` իբրեւ «անորակ եւ ժամկետանց»:Նույն լսումների ժամանակ վրացի  փորձագետներից մեկը հայտարարեց, որ Վրաստանը  Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միջպետական չլուծված խնդիրներ եւ տարածքային վեճեր չունի: Դրան հակառակ փորձագետ-կոնֆլիկտոլոգ Մամուկա Արեշիձեն հայտարարեց, որ Վրաստանը իր երկու հարեւան-բարեկամ երկրների հետ սահմանների ճշտման խնդիր ունի, եւ այն արդեն 20 տարի չի լուծվում. Հայաստանի հետ տարածքների ճշտման կարիք ունի Բավրայի հատվածը,  իսկ Ադրբեջանի դեպքում առկա է Դավիթ Գուջերեթիի  վանական համալիրի շուրջ ծավալվող տեւական վեճը:




Լրահոս