Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօրվա նիստում ներկայացրեց եւ խորհրդարանի հաստատմանն ուղարկեց հնգամյա գործունեության ծրագիրը: Թեեւ նախագիծը դեռ չի հրապարակվել, սակայն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մի քանի բառով ներկայացրել է` նշելով, որ ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման եւ արտահանման խթանման վրա:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ակնկալիքները բավական մեծ են, եւ հենց դրանով է պայմանավորված նրա ծրագրի նկատմամբ ե՛ւ հանրության, ե՛ւ միջազգային կազմակերպությունների հետաքրքրությունը:
Այլապես, նկատենք, նախորդ բոլոր կառավարություններն էլ խորհրդարան էին ներկայացնում հրաշալի ծրագրեր՝ մեկը մեկից պերճախոս, մեկը մեկից հավակնոտ,ուայդ բոլոր ծրագրերում նախորդ կառավարությունները միաբերան հայտարարում էին, թե նպատակը Հայաստանն աննախադեպ տեմպերով զարգացնելն է, նույնիսկ տնտեսական աճի կոնկրետ ցուցանիշներ էին խոստանում: Բայց չնայած հավակնոտ ծրագրերի ուշռայլ խոստումների առատությանը`իրականությունը միանգամայն այլ էր, տնտեսության վիճակը՝ գորշու մղձավանջային: Հասկանալի է՝ որեւէ իշխանություն չի ասի, թե երկրի ղեկավարման ղեկին են հայտնվել միայն ու միայն սեփական հարստացման խնդիրը լուծելու նպատակով, բյուջենմսխելու, ժողովրդին անխնա հարստահարելու եւ թալանելու հաշվին, կոռուպցիայի ու ատկատների գնով:
Այնպես որ, զարգացման տարատեսակ ծրագրեր ներկայացնելը, ցուցանիշներ նախանշելն ու խոստումներ տալը միանգամայն բնական էին: Ձախողումներից հետո արդարդացումների պակաս չկար. միայն միջազգային տնտեսական զարգացումները, համաշխարհային շուկայի վայրիվերումները բավական էին արդարացնելու ամեն ինչ: Այդ ձախողումների շարանն էր նաեւ պատճառը, որ նախկին իշխանությունները հետզհետե սկսեցին ծրագրերը գրել կենացի կամ «ես երազում եմ, որ իմ հայրենիքը դառնա…» շարադրությունների ոճով առանց կոնկրետ ցուցանիշներ մատնանշելու:
Հիմա իրականությունն այլ է: Փաշինյանի կառավարությունն իշխանության է եկել համաժողովրդական շարժման արդյունքում: Ուստի մեծ են Փաշինյանի կառավարությունից ժողովրդի ակնկալիքներն ու պահանջները` քաջ գիտակցելով, որ ծրագրերի իրականացման համար առաջին հերթին պետք են ոչ թե գեղեցիկ ճառեր, լավ մշակված փաստաթղթեր, այլ քաղաքական կամք: