ԲՀԿ-ն` լուսավոր ամբիցիաների «զոհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցած ԱԺ խորհրդի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը: Այդ թեմայով ԱԺ խորհուրդը երեկ էլ է շարունակել նիստը:

Խորհրդի նախորդ նիստին, երբ քննարկվում էր Եվրանեսթում հայկական պատվիրակության հարցը, պատվիրակության համամասնության հարցի վերաբերյալ մեծամասնությունը հայտարարել էր ԱԺ-ում ուժերի համամասնությունը որպես սկզբունք ընդունելու մասին իր դիրքորոշումը, ինչն ամրագրված է եղել նաեւ նախորդ գումարման ԱԺ խորհրդի որոշումներում: Նման պարագայում ստացվում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ներկայացված չեն լինում մի պարագայում ԼՀԿ-ն, մյուս դեպքում՝ ԲՀԿ-ն:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկել է պատվիրակություններում ուժերի համամասնորեն ներկայացվածության սկզբունքին զուգահեռ խորհրդարանական վեհաժողովների պարագայում որդեգրել բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը որպես սկզբունք:

«Իմ Քայլի» ներկայացուցիչները պատրաստ են եղել ընդունել ԱԺ նախագահի առաջարկը, եթե բոլոր խորհրդարանական վեհաժողովների պատվիրակությունների կազմերը հաստատվեն կոնսենսուսով եւ, ըստ էության, մեկական քվոտա զիջեն ընդդիմությանը:

Սակայն նիստի ժամանակ ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, այլ պահանջներ են ներկայացրել: Նրանք պահանջել են ավելի շատ քվոտա։ Ըստ մեր տեղեկությունների` Արարատ Միզոյանը հակադարձել է Էդմոն Մարուքյանին` ասելով, որ «Իմ քայլը» չի պատրաստվում մեկից ավելի քվոտա զիջել։

Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ այդ պարագայում իրենք դեմ են քվեարկելու։ Նշենք, որ ԼՀԿ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ուղիղ եթերում հայտարարեց, որ «Իմ քայլի» հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ իրենք մի տեղ ունենալու են Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում։ Վերջինիս խոսքով` նիստի ժամանակ է պարզվել, որ նման բան չկա, դրա համար էլ իրենք դեմ են քվեարկել այդ առաջարկությանը։ ԼՀԿ-ականներն այլ մեկնաբանություններից խուսափեցին:

Մինչ այդ նկատենք, որ ԼՀԿ-ի ամբիցիաների պատճառով տուժել է ԲՀԿ-ն, որը կարող էր միջխորհրդարանական պատվիրակություններում ներկայացվածություն ունենալ, բայց հիմա զրկվել է: Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ խորհրդի նիստին այս հարցում ԲՀԿ-ն չեզոք դիրք է բռնել եւ որեւէ կերպ չի արձագանքել: «Ժողովուրդ» օրաթերթը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ԼՀԿ-ն ինչու դեմ քվեարկեց։ Պատգամավորը չցանկացավ որեւէ բան ասել, միայն հորդորեց ԼՀԿ-ից հետաքրքրվել, թե ինչու իրենք այնպես արեցին, որ այդ քվոտան ապահովել չստացվեց։

Մինչ այդ նկատենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով գուցե վերսկսվի ԼՀԿ-ԲՀԿ հայտնի կոնֆլիկտը:

Լուսին Մինայան




Լրահոս