Երեկվա դատական նիստում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների ու համակիրների պահվածքը պարզապես նողկալի էր, ծայրաստիճան անմարդկային` ամենամեղմ բառերով ասած:
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք մարդու կյանք խլելուց հետո «Սասնա ծռերի» անդամներն այսօր դատարանում փորձում են ներկայանալ որպես հերոսներ, իսկ իրենց արարքները արդարացնել «ապստամբության իրավունքով», իբր հայրենիքը փրկելու, անգամ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու մտադրությամբ (ինչպես հայտնի խոսքն է ասում, սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է): Երեկ, երբ դատարանում ցուցմունք էին տալիս տուժողներից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդներ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ամբաստանյալներն իրենց հարցերը փորձում էին կառուցել հենց այդ տրամաբանության շրջանակներում:
Բայց անգամ սա դահլիճում ցինիզմի ու անմարդկայնության շքահանդեսի ֆոնին չափազանց մեղմ էր թվում, մեղմ, որովհետեւ դահլիճը քամահրանքով, ծիծաղով ու ծափերով էր արձագանքում ամեն անգամ, երբ խոսք էր գնում ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ոստիկանների սպանության մանրամասներից:
ՈՒ հիմա պետք է արձանագրենք` թեեւ թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոցը փոխվեց, ու նրանք ազատ արձակվեցին, (բացառությամբ երկու հոգու, որոնք մեղադրվում են սպանության մեջ), միեւնույն է, զինված խմբավորման անդամները չեն գիտակցում իրենց արարքի լրջությունը, զղջման փորձեր նույնիսկ չեն անում: Ընդհակառակը, նրանք դատարանում խրոխտ կեցվածքով շարունակում են պնդել, որ ճիշտ են վարվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելով ու երեք հոգու կյանք խլելով:
Բայց երեկվա դատական նիստից հետո ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք. հայաստանյան այն կուսակցություններն ու անձինք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին փողոցում իրենց աջակցությունն էին հայտնում զինված խմբավորման անդամներին, տարատեսակ ակցիաներ անում, հասկացե՞լ են արդյոք, թե ում հետ գործ ունեին, հասկացե՞լ են արդյոք, թե ում էին պաշտպանում, հասկացե՞լ են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն էր` պարզապես փոքր մասշտաբներով: