Ակնհայտ է, որ մինչեւ 2020 թվականը, այսինքն՝ մինչեւ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը, չի հաջողվի զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Սակայն ակնհայտ է նաեւ՝ հակառակ բոլոր ջանքերին` Բելառուսին էլ չի հաջողվի սահմանված ժամկետից շուտ այդ պաշտոնում ստանալ Հայաստանի համաձայնությունը իր թեկնածուին նշանակելու հարցում: Ու որքան էլ ՀՀ ԱԳՆ-ն խոսնակի մակարդակով հայտարարի, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեր երկրում սպասված հյուր է, միեւնույն է, քանի դեռ ՀԱՊԿ-ում խնդիրները լուծված չեն, ակնհայտ է՝ այս խոսքերն ասվում են քաղաքավարությունից դրդված, եւ Լուկաշենկոյին այստեղ որեւէ մեկը չի սպասում, մանավանդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուի՝ այդ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի երեկվա հայտարարություններից հետո:
Բանն այն է, որ Զասը հայտարարել է, թե իր նշանակման հարցում դեռ էական տեղաշարժ չկա, ու ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռեւս հանդիպում չի կայացել:
Միաժամանակ, Զասը նշել է, թե առաջարկել է հանդիպել Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել: «Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա: Սակայն Բելառուսի ԱԽՔ-ը չի սահմանափակվել իրավիճակը ներկայացնելով: Նա ակնարկել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հարցում միգուցե դիմեն անցանկալի մեթոդների: Այս առումով նա հիշատակել է ՀԱՊԿ կանոնադրությունը, որ սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Բայց, մյուս կողմից, Զասը նաեւ ընդունել է, որ այդ մեթոդն անընդունելի է, եւ ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:
Նկատենք, որ Բելառուսի կողմից նման ակնարկներն ավելի շուտ շանտաժ են հիշեցնում: Եւ եթե այդ երկիրը փորձի, ՀԱՊԿ կանոնադրության սողանցքներն օգտագործելով, առաջ տանել այս հարցը, ապա լուրջ հարված կհասցնի առաջին հերթին ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությանը: Պատահական չէ, որ այս հայտարարություններին արձագանքել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է անդամ երկրների ղեկավարների կոնսենսուսի միջոցով: Շատ կարեւոր պաշտոն է դա: Այդ առումով ինձ համար անհասկանալի է Բելառուսի պաշտոնյայի նման հրապարակային խոսքը: Կարծում եմ` դա չի նպաստում կոնսուլտացիաների արդյունավետ անցկացմանը»: