Անդրադառնալով նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպմանը` ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնել ընդունված որոշումների մասին: Նա տեղեկացրել է. «Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլեւս չեն լինելու: Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն: Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգեւավճարներ, եւ սահմանված չի եղել պարգեւավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար»:
Հիշո՞ւմ եք` հասարակական-քաղաքական շրջանակներն ինչ բուռն արձագանքեցին Ամանորից առաջ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատոնական շռայլ պարգեւատրումների թեմային: ՈՒ, ընդհանրապես, արդեն մի քանի շաբաթ է` քննարկումների ամենամոդայիկ թեման դարձել է հենց այս հարցը: Եթե անկեղծ, այդ քննադատությունների մեծ մասը հիմք ուներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք պետական գերատեսչություններում (ՊԵԿ, Ֆինանսների նախարարություն) ղեկավար անձնակազմն իրեն պարգեւատրելիս առավել քան առատաձեռն է գտնվել: Նաեւ դա էր պատճառը, որ իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը բացատրություն տալու համար ԱԺ հրավիրեց ՊԵԿ նախագահին ու ՀՀ ֆինանսների նախարարին:
Սակայն հետաքրքիր է փաստը, որ իրականում պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդերը վերացնելու որոշումները, որոնց մասին այսօր խոսում է ԱԺ փոխնախագահը, ընդունվել են ոչ թե նախարարի հետ խմբակցությունում օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այլ դրանից շատ ավելի շուտ:
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ քննարկվում էր 2019թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, պարզ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը որոշել է սահմանափակել արտաբյուջետային հաշիվների գոյությունը: Ավելին` գործադիրը մշակել էր համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի` արտաբյուջետային միջոցներն այսուհետ պետք է ներառվեին պետական բյուջեում: ՈՒ այդ տրամաբանության շրջանակներում 2019թ. համար կառավարությունն արտաբյուջետային միջոցների չափը սահմանել էր մոտ 28 մլրդ դրամ: Այդ մասին գրվել էր նաեւ մամուլում, նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր որոշակի մեկնաբանություններով հանդես եկել: Ու հիմա ԱԺ փոխնախագահի հայտարարությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում. նա տեղյակ չէ՞ ընդունված որոշումներից, թե՞ սա շփոթմունքի հետեւանք է: