ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավորների համակարգիչները սարքել են, բայց փող չեն ստացել. Դեպարտամենտին դատի կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ի ներկայացուցիչ Խաչիկ Այվազյանը եւ հայտնել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտի դեմ:

Այսպիսով, Խաչիկ Այվազյանը հայտնեց, որ հանդիսանում է «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ի լիազոր ներկայացուցիչը, իսկ, ահա, ԱՁ-ն զբաղվում է սարքերի ու սարքավորումների սպասարկման ծառայություններով, մասնավորապես` տպիչների եւ այլ սարքավորումների վերնորոգմամբ. «Խնդիրը ի հայտ է եկել անցած տարեվերջին: Մենք 2018 թվականին մասնակցել ենք դեպարտամենտի կողմից հայտարարված մրցույթին եւ հաղթող ենք ճանաչվել տպիչների վերոնորոգման ծառայություններ մատուցելու գործընթացում: Տարվա ընթացքում մատուցել ենք ծառայությունները: 2018 թվականի հուլիսին 11-ին մենք արձանագրել ենք, որ գումարը սպառվել է, որ իրենք նախատեսել էին ողջ տարվա համար, դուրս ենք գրել հարկային հաշիվ, ներկայացրել ենք եւ ներկայացրել ենք հանձնման-ընդունման հաշիվ-ապրանքագիրը: Իրենք դիտարկում ունեին, որ մենք սխալ էինք հաշվել, իսկ մենք հաշվել էինք, որ ծառայությունների համար իրենք պետք է 700 հազար դրամ վճարեին»:

Ըստ ԱՁ-ի ներկայացուցիչ Խաչիկ Այվազյանի` իրենք դրսեւորել են անգործություն եւ 10-րյա ժամկետում չեն պատասխանել իրենց դիմումներին: Եթե դիտարկում ունեին, որ համաձայն չեն ներկայացված գումարի հետ, ապա այն պետք է ներկայացնեին առանց ժամկետների խախտման: Ասել է թե` ստեղծվել է մի իրավիճակ, որ ԱՁ-ն ծառայություններ է մատուցել դեպարտամենտին, մասնավորապես` գնացել է տարբեր դատարաններ, մի դեպքում դատարանի վառարանն է վերանորոգել, մյուս դեպքում` տպիչը, եւ նման այլ գործողություններ, իսկ այսօր ծառայությունների համար նախատեսված 700 հազար դրամը դեպարտամենտը չի տալիս:

Ի դեպ, Խաչիկ Այվազյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, թե ինչպես են իրենք մատուցել ծառայութունները, եւ կոնկրետ դատարանի ներկայայցուցիչները ստորագրել են կատարված ծառայությունների տակ: Հիմա նա պատրաստվում է դիմել դատարան՝ ստանալու մատուցած ծառայությունների համար նախատեսված գումարը:

Ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին. «13.04.2018թ. Դատական դեպարտամենտի եւ «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ի միջեւ կնքվել է թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-18/01-2» ծածկագրով պայմանագիրը, որով «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ն ստանձնել է գրասենյակային սարքերի վերանորոգման ծառայությունների մատուցման պարտավորություն: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 770 հազար ՀՀ դրամ….

Դատական դեպարտամենտի 17.10.2018թ. թիվ ԴԴ-3-Ե-8317 գրությամբ «Գրիգոր Այվազյան» ԱՁ-ն տեղեկացվել է, որ Պայմանագրով նախատեսված ծառայությունները պատշաճ չեն մատուցվում, կանչերը պայմանագրով նախատեսված ժամկետում չեն սպասարկվում, եւ առաջացել է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում եւ առանձնացված ստորաբաժանումներում բնականոն աշխատանքների ապահովման խնդիր:

Առաջարկվել է Պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում մատուցել ծառայությունները, որպիսի պահանջը եւս մնացել է անկատար»:

Ի պատասխան ArmLur.am-ի հարցի` Դատական դեպարտամենտից փոխանցեցին.

13.04.2018թ. Դատական դեպարտամենտի և Գրիգոր Այվազյան ԱՁ-ի միջև կնքվել է թիվ <<ԴԴ-ԳՀԾՁԲ-18/01-2>> ծածկագրով պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որով Գրիգոր Այվազյան ԱՁ-ն (այսուհետ՝ Կատարող) ստանձնել է գրասենյակային սարքերի վերանորոգման ծառայությունների մատուցման պարտավորություն:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 770 000 ՀՀ դրամ:

Գրիգոր Այվազյան ԱՁ-ի կողմից 17.07.2018թ. Դատական դեպարտամենտ է ներկայացվել 770 000 ՀՀ դրամի ծառայաթյունների մատուցման վերաբերյալ հարկային հաշիվ, մինչդեռ, դրան կցվել է փաստացի մատուցված ծառայությունները հիմնավորող միայն 269 500 ՀՀ դրամի վերաբերյալ հավաստումները:

Դատական դեպարտամենտի կողմից 20.07.2018թ. թիվ ԴԴ-3-Ե-5592 գրությամբ Գրիգոր Այվազյան ԱՁ-ն տեղեկացվել է Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման դիմաց իր կողմից կատարված ակնհայտ սխալ հաշվարկների և ծառայությունները ողջ ծավալով մատուցված լինելու հանգամանքը հիմնավորված չհամարվելու մասին:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ միաժամանակ, Գրիգոր Այվազյան ԱՁ-ին է վերադարձվել վերջինիս կողմից Դատական դեպարտամենտ թղթային տարբերակով մուտքագրված հարկային հաշիվը (2 բնօրինակ), հանձնման-ընդունման արձանագրությունը (2 բնօրինակ) և պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտը (2 բնօրինակ)՝ առաջարկելով հաշվարկներն իրականացնել և փաստաթղթերը ներկայացնել Պայմանագրով նախատեսված կարգով:

Դրանից բացի, Դատական դեպարտամենտի 17.10.2018թ. թիվ ԴԴ-3-Ե-8317 գրությամբ Գրիգոր Այվազյան ԱՁ-ն տեղեկացվել է, որ Պայմանագրով նախատեսված ծառայությունները պատշաճ չեն մատուցվում, կանչերը պայմանագրով նախատեսված ժամկետում չեն սպասարկվում և առաջացել է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում բնականոն աշխատանքների ապահովման խնդիր:

Առաջարկվել է Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում մատուցել ծառայությունները, որպիսի պահանջը ևս մնացել է անկատար:

28.12.2018թ. Դատական դեպարտամենտում ստացվել է Գրիգոր Այվազյան ԱՁ-ի թիվ 050 գրությունը, որով Դատական դեպարտամենտից, առանց վերը նշված փաստաթղթային թերությունները շտկելու, պահանջվել է բավարարել ի սկզբանե ներկայացված ծառայաթյունների մատուցման վերաբերյալ հարկային հաշվով ակնկալվող գումարի վճարումը: Գրիգոր Այվազյան ԱՁ-ի կողմից որպես վճարման պահանջի հիմնավորում ներկայացվել է այն հանգամանքը, որ իր կողմից որոշակի փաստաթղթեր ներբեռնվել են armeps համակարգ և, քանի որ 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք չեն մերժվել՝ հետևաբար, նշանակում է, որ ակնկալվող գումարը ենթակա է վճարման:

Ի պատասխան Գրիգոր Այվազյան ԱՁ-ի վերը նշված գրության Դատական դեպարտամենտի 04.02.2019թ. ԴԴ-3-Ե 542 գրությամբ տեղեկացվել է հետևյալը.

ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման 33-րդ կետի 15-րդ ենթակետի համաձայն, եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը:

Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ մատուցված ծառայությունն ընդունվում է պատվիրատուի և կատարողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Ծառայությունը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսվում է պատվիրատուի և կատարողի միջև երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը: Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ, կատարողը` պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված ծառայությունը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսող փաստաթուղթը (հավելված N 3.1), իսկ էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով` նաև հանձնման-ընդունման արձանագրությունը (հավելված N 3):

Պայմանագրի 3.2 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին, Պատվիրատուն պայմանագրի 3.1 կետում նշված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և էլեկտրոնային գնումների armeps համակարգի միջոցով Կատարողին է տրամադրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը և դրա ստորագրման համար հիմք հանդիսացած դրական եզրակացությունը:

Հիմք ընդունելով Պայմանագրի 2.2 կետով սահմանված կարգավորումը՝ Դատական դեպարտամենտի կողմից դեռևս 20.07.2018թ. թիվ ԴԴ-3-Ե5592 գրությամբ Գրիգոր Այվազյան ԱՁ-ն տեղեկացվել է Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման դիմաց իր կողմից կատարված ակնհայտ սխալ հաշվարկների և ծառայությունները ողջ ծավալով մատուցված լինելու հանգամանքը հիմնավորված չհամարվելու մասին:

Դրանից բացի, Գրիգոր Այվազյան ԱՁ-ի ուշադրությունն է հրավիրվել նաև այն հանգամանքի վրա, որ Դատական դեպարտամենտի կողմից վերադարձված Պայմանագրի արդյունքը Պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ 2 բնօրինակ ակտերը հաստատված չեն եղել Պատվիրատուի կողմից, ինչպիսի պարտադիր վավերապայմանով փաստաթուղթը միայն կարող էր հիմք հանդիսանալ 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրված համարվելու համար:

Մինչդեռ, վերջինիս կողմից Դատական դեպարտամենտ չի ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, որպիսի պարագայում Դատական դեպարտամենտն օբյեկտիվորեն հնարավորություն կունենար գնահատելու Պայմանագրով նախատեսված ծառայությունների և Գրիգոր Այվազյան ԱՁ-ի կողմից փաստացի մատուցված ծառայությունների համապատասխանությունը, դրանց համարժեքությունը՝ Գրիգոր Այվազյան ԱՁ-ի կողմից ներկայացված վճարման ենթակա գումարին: Նման պայմաններում, գտնում ենք, որ Գրիգոր Այվազյան ԱՁ-ի կողմից չհիմնավորված պահանջների ներկայացումը զուրկ է իրավական որևէ հիմքից և բավարարման հնարավորությունից:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս