Արդյոք վարչապետին կհաջողվի կրկնել հեղափոխությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկը` մանրամասնելով, թե ինչ մեթոդներով է պատրաստվում իրագործել ցանկությունը: Ըստ Փաշինյանի` քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքացիները փոխեցին իրենց քաղաքական վարքագիծը: «Տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը, ըստ էության, նույնն է, ինչ քաղաքական հեղափոխությանը, եւ պետք է անցնի այն նույն կետերով, ճանապարհով, ինչ անցավ քաղաքական հեղափոխությունը… Տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին, եւ քանի հոգի կորոշի օգտվել այդ նույն հեղափոխության հարթակի ընձեռած հնարավորություններից»,- մանրամասնել է վարչապետը՝ կոչ անելով գնումներ կատարելիս պահանջել ՀԴՄ` այդպես նպաստելով պետական բյուջե է՛լ ավելի շատ հարկ վճարելուն:

Միաժամանակ, Փաշինյանն ասել է, թե տնտեսությունը այլեւս չպիտի հիմնվի հանքանյութ արտահանելու վրա եւ կախված չպետք է լինի մի քանի մենաշնորհներից, այլ հինգ տարի անց պետք է դառնա բարձր տեխնոլոգիաներ ու նորարարություն արտադրող ու արտահանող երկրիր:

Վարչապետի ուղերձն իսկապես հետաքրքիր է: Փաշինյանը, առաջարկելով իր տեսլականը, միանգամայն ունի հիմքեր հավատալու դրա հաջողությանը. թավշյա հեղափոխությունը հաջողվեց այն բանի շնորհիվ, երբ այդ պայքարում յուրաքանչյուր քաղաքացի զգաց, որ ինքը գործոն է: Սակայն արդյոք քաղաքական գործընթացների ժամանակ հասարակության յուրաքանչյուր անդամ վերափոխե՞ց սեփական անձն ու արդյոք տնտեսական առումով էլ պատրա՞ստ են այդ նույն մեթոդը որդեգրել: Հիշո՞ւմ եք, երբ Տավուշի մարզ այցերից մեկի ժամանակ Փաշինյանը մարդկանց խորհուրդ էր տվել աշխատել, ինչ աղմուկ բարձրացավ դրանից հետո: Որոշակի շրջանակներ, իրենց ձեռնտու համատեքստում շահարկելով այս թեման, փորձում էին վարչապետի հայտարարությունները ներկայացնել այլ ենթատեքստով: Հավատացողներ եղան:

Բայց տնտեսական հեղափոխության գործում հիմա կարեւոր են նաեւ պետության անելիքները. արդյոք իշխանությունները երաշխավորո՞ւմ են հարկային մեղմ քաղաքականություն եւ տնտեսական ոլորտում կայուն օրենսդրական դաշտ: Նաեւ կարեւոր է՝ ինչ դեր է ստանձնելու իշխանությունը տնտեսության մեջ` ակտիվ միջամտելո՞ւ է տնտեսական հարցերին, թե՞, այնուամենայնիվ, լիբերալ քաղաքականություն է վարելու:




Լրահոս