Ի՞նչ բիզնես կբացի Սոնա Շահգելդյանը և երբվանի՞ց է երգչուհին բացահայտել գործարարի ջիղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը մեկ ամսից կբացի իր նոր բիզնեսը: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ պատրաստվում է օնլայն ընկերություն հիմնել, որը կզբաղվի հարսանեկան խնջույքների կազմակերպմամբ: Այն ներառում է շոու-ծրագրերի, պարերի կազմակերպում: Չի բացառվում նաեւ, որ Սոնան բացի հարսանեկան թեմայով խանութ-սրահ. «Առաջին անգամ չէ, որ բիզնեսով եմ զբաղվում: Նախկինում, օրինակ, փայտե պայուսակների հավաքածու ունեի: Դա, իհարկե, ոչ այնքան գումար աշխատելու, որքան վարպետ Մելիքի ձեռքի աշխատանքները պրոպագանդելու եւ նրան օգնելու միջոց էր: Իսկ այս նոր բիզնեսը կլինի գումար աշխատելու միջոց: Եթե հնարավոր է երգարվեստում լինելուն զուգահեռ գործունեություն ծավալել նաեւ բիզնես դաշտում, ինչու՞ չփորձել»,-նշեց Սոնան:

Հարցին, թե արդյոք իր մեջ նկատում է գործարարի ջիղ, երգչուհին պատասխանեց՝ այո՛, ավելին՝ եթե նա չընտրեր երգարվեստի ուղին, անպայման գործարար կին կդառնար. «Այնպես որ, միայն երգելը չէ, որ ինձ մոտ լավ է ստացվում (ծիծաղում է): Բացի գործարարի ունակություններից՝ իմ մեջ տեսնում եմ նաեւ սպորտսմենուհու եւ դերասանուհու շնորհներ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է երգչուհին հասցնելու ե՛ւ երգել, ե՛ւ բիզնեսով զբաղվել, ե՛ւ երեխային խնամել. «Եթե մայրիկս երեխայիս խնամքի հարցում ինձ չօգներ, ես ոչինչ էլ չէի հասցնի, բայց, փառք Աստծո, հիմա հաջողվում է մի քանի գործ համատեղել»,-ասաց Սոնան:

Նա մի փոքր էլ պատմեց շոու-բիզնեսին առնչվող նորությունների մասին: Սոնան ունի երեք նոր երգ՝ մեկը անգլերենով օրիգինալ գործ է, մյուսը` հայալեզու, լիրիկական ստեղծագործություն, որի հիման վրա առաջիկայում կնկարահանվի նաեւ տեսահոլովակ, իսկ երրորդը՝ կրկին հայալեզու, հարսանեկան թեմայով երգ: Բացի տեսահոլովակներից՝ աշնանը Սոնան հանդես կգա նաեւ համերգներով: «Ես այն երգչուհիներից չեմ, որոնք պետք է պարբերաբար նոր տեսահոլովակ նկարահանեն, որպեսզի իրենց չմոռանան: Ունեմ հանդիսատես, որը հետեւում է իմ գործունեությանը դրանից դուրս»,- եզրափակեց Սոնան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս