Ովքեր են Ալիևի խոսքերի հասցեատերերը. Ադրբեջանի նախագահի հայտարարության հետքերով.խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին անցել է ռազմաշունչ հռետորաբանությանը: Երեկ նա ադրբեջանական Real TV լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե խնդիրը պետք է լուծվի բացառապես երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, ու իրենք կձեռնարկեն հնարավոր ջանքերը՝ տարածքային այդ ամբողջականությունը վերականգնելու համար:

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ»,- ասել է նա ու պնդել, թե միջազգային հեղինակավոր կառույցները հենց իրենց դիրքորոշումն են պաշտպանում: Միաժամանակ, Ալիեւը համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»:

Իլհամ Ալիեւի պահվածքը միանգամայն հասկանալի է: Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են ընդդիմադիր ուժերը, որոնք բազմամարդ հանրահավաքներ են անցկացնում Բաքվում: Ու հիմա Արցախյան խնդրի մասին կոշտ հայտարարություններով Ալիեւը փորձում է ազդել ներքին լսարանի վրա՝ հանդես գալով անզիջողականության դիրքերից, անգամ խոստանալով ուժ գործադրելով վերադարձնել իրենց կորցրած տարածքները: Այսինքն՝ նրա խոսքերի հասցեատերը ո՛չ Հայաստանն էր, ո՛չ էլ միջազգային հանրությունը, այլ բացառապես ադրբեջանական հասարակությունը, որի աջակցությունն են այդ երկրի իշխանությունները փորձում ստանալ:

Միայն թե Ալիեւի այս խոսքերը քննադատության չեն դիմանում. եթե Իլհամ Ալիեւն ու ԱԳ նախարար Մամեդյարովը համաձայնում են հանդիպել ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ, եթե համաձայնում են բանակցություններ վարել սեղանին դրված փաստաթղթի, տվյալ դեպքում՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ, նշանակում է՝ ընդունում են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականության պահպանում: Ավելին, դեռ 2008թ. Ալիեւը Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հետ ստորագրել է համատեղ Մոսկովյան հռչակագիրը, որտեղ համաձայնել է բանակցություններ վարել Մադրիդյան սկզբունքների շուրջ:

Նաեւ փաստը, որ միջազգային հանրությունը մշտապես իր խոսքում շեշտում է հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված նորմերի համաձայն լուծելու անհրաժեշտության մասին, նշանակում է՝ խոսք անգամ չի կարող գնալ միայն Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու վերաբերյալ: Այնպես որ, որքան էլ Ալիեւը փորձի ներքին օգտագործման համար տարաբնույթ հայտարարություններ անել, միեւնույն է, իրականությունն այլ բանի մասին է վկայում:




Լրահոս