ՀԷՑ-ը նվազեցրել է հարկային վճարումները. հետաքրքիր զարգացումներ խոշոր հարկատուների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամ: Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածում այս ընկերությունը զբաղեցրել է ցանկի երկրորդ տեղը` վճարելով 34 մլրդ 751 մլն 753 հազար դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ այս ընկերությունը 7 մլրդ 470 մլն 473 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է:

Ծխախոտ արտադրողին հաջորդում է հանքարդյունաբերող խոշոր ընկերությունը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը մեկ տարվա ընթացքում բարելավել է դիրքերը: Անցած տարվա չորրորդ եռամսյակում հանքարդյունաբերող այս ընկերությունը տեղ է գտել ցանկի 2-րդ տեղում, իսկ հարկային վճարումները կազմել են 41 մլրդ 47 մլն 831 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանկահատվածում կոմբինատը ցանկի 5-րդ հորիզոնականում է եղել` 18 մլրդ 670 մլն 324 հազար 400 դրամ վճարած հարկով: Ասել է թե` 22 մլրդ 377 մլն 506 հազար դրամով ավելացրել են հարկերը:
Բայց «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է: Ընկերությունը փոքր-ինչ զիջել է իր դիրքերը: Պարզվում է` նվազեցրել է նաեւ հարկային վճարումները: 2017 թվականի հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցանկի առաջին հորիզոնականում է տեղ գտել, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում երրորդն է: Այսպես, Հայաստանի երրորդ խոշոր հարկատուն պետական բյուջե անցած տարվա հունվար-դեկտեմբերին վճարել է 39 մլրդ 982 մլն 390 հազար դրամ հարկ ու տուրք, իսկ, ահա, 2017 թվականի ընթացքում ընկերությունը վճարել է ավելի քան 39 մլրդ 717 մլն 691 հազար դրամ:
Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում է` վճարած 18 մլրդ 403 մլն 623 հազար դրամով: Այս դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները. 2017 թվականի ընթացքում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 12 մլրդ 597 մլն 719 հազար դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը անցած տարվա չորրորդ եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 16 մլրդ 819 մլն 631 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում վճարել է 13 մլրդ 457 մլն դրամ հարկ ու տուրք: Հանքարդյունաբերող այս ընկերությանը հաջորդում է «Ալեքս Հոլդինգ»-ը` 16 մլրդ 191 մլն 390 հազար դրամի հարկով ու տուրքով: Այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: 2017 թվականի ընթացքում պետական բյուջե վճարել է 21 մլրդ 470 մլն դրամ հարկ ու տուրք:
Ցանկի հաջորդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է`13 մլրդ 978 մլն 758 հազար դրամ վճարած հարկով:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղը գլխավորում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, որն անցած տարվա չորրորդ եռամսյակում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության կատարած հարկային վճարումները անցած տարվա չորրորդ եռամսյակում կազմել են 13 մլրդ 624 մլն դրամ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում` 11 մլրդ 644 մլն դրամ:
Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է 50 տոկոսով նվազեցրել հարկերը: Եթե 2017 թվականի չորրորդ եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղը` վճարելով 22 մլրդ 36 մլն դրամ հարկ, ապա նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին այն 11-րդ տեղում է` վճարած 12 մլրդ 69 մլն դրամով:
«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը ավելացրել է հարկային վճարումները: Անցած հունվար-դեկտեմբերին ընկերությունը պետական բյուջե վճարել է 11 մլրդ 388 մլն` գտնվելով ցանկի 12-րդ տեղում, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակում պետական բյուջե ընկերությունը վճարել է 13 մլրդ 133 մլն դրամ հարկ ու տուրք:

Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշը» ցանկի տասներորդ տեղում է. չնայած սրան` անցած տարվա չորրորդ եռամսյակում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերությունը ավելի քան 210 մլն դրամով պակասեցրել է հարկերը: Եթե անցած տարվա հունվար-դեկտեմբերին պետբյուջե կատարել է 12 մլրդ 248 մլն դրամ հարկային վճարում, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում` 12 մլրդ 459 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս