Մարզպետը տնօրենին հորդորել է ազատման դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Տավուշի մարզպետարանում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ մարզի այն դպրոցներում, ուր տնօրենի եւ կոլեկտիվի անդամների միջեւ միջանձնային հարաբերությունների խնդիր կա, այդ տնօրենները պետք է դիմում գրեն եւ ազատվեն պաշտոնից: Այդ ժողովի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանից հետաքրքրվեց՝ խնդիրն առկա է իր ղեկավարած դպրոցում, ուր դպրոցի 6 աշխատակից բողոքում է իր դեմ: Նա էլ պատասխանեց, թե իր ընդդիմադիրները դպրոցում 4-ն են, մյուս երկուսը բողոքի առումով միանում են նրանց: Հարությունյանի խոսքերով` ինքը փորձում է լավ հարաբերություններ ունենալ այդ աշխատողների հետ, սակայն դա չի ստացվում ոչ իր պատճառով:

Սակայն երեկ՝ փետրվարի 15-ին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետ Չոբանյանը Մ. Հարությունյանին հորդորել է պաշտոնից ազատվելու դիմում գրել: Այս տեղեկությունը չհերքեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում, սակայն չկարողացան ասել՝ Մ. Հարությունյանը գրել է այդ դիմումը, թե ոչ: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մ. Հարությունյանին` զանգահարելով նրա բջջային հեռախոսահամարին, սակայն վերջինս չպատասխանեց: Վերջերս Մ. Հարությունյանը մանկավարժական էթիկայի կանոնները խախտելու (սուտ տեղեկատվություն հաղորդելու համար) համար այդ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Սիմոնյանին հայտարարել է գրավոր նկատողություն:

Դեբեդավանի դպրոցի տնօրենն օգտագործել է «էթիկայի կանոններն» ուսուցչի դեմ` հղում անելով փաստաթղթին, որն իրավական ուժ չունի: Դեբեդավանի դպրոցը 1998 թվականից տնօրինող Մ. Հարությունյանը անցած 20 տարիներին 2 անգամ ազատվել է տնօրենի պաշտոնից, հետո վերականգնվել: 2018թ. հոկտեմբերի 22-ին Դեբեդավանի դպրոցի նախկին գործավար Արմինե Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել Դեբեդավանի դպրոցի տնօրենի 2018թ. օգոստոսի 23-ի թիվ 54 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի վարձատրության պահանջներով: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերն ընթանում են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս