Երբեմնի խոշոր հարկատու «Թեղուտ» ընկերությունը զգալի պակասեցրել է հարկային վճարումները: Հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ»-ը սկսել է նահանջել. մեկ տարվա ընթացքում ընկերությունը 7 մլրդ 605 մլն դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թեղուտ»-ը 2018 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 42-րդ տեղը:
Նույն տարում ընկերության կողմից կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի ընթացքում ընկերությունը պետական բյուջե կատարել է 11 մլրդ 578 մլն 338 դրամի հարկ ու տուրք: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն մեկ տարի է, ինչ դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ ընկերության ավելի քան 800 աշխատող պայքարում է հանքավայրի վերաբացման համար: Նշենք, որ հանքավայրը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, եւ այժմ բանկը հանքավայրը վերագործարկող այլ օպերատոր է փնտրում, սակայն հարցը ձգձգվում է: