Կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ լուրջ քննարկումներ են անհրաժեշտ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրությունը փոփոխելու եւ կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի վերջին հայտարարության մեջ հնչած առաջարկը դարձել է ակտիվ քննարկումների թեմա: Կիսանախագահական կառավարման համակարգի անցման առաջարկին հիմնականում դեմ է խորհրդարանական ընդիմությունը. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն որակել է ետընթաց:

ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ թեեւ ասել է, որ կուսակցությունում այս հարցը չեն քննարկել, միաժամանակ հավելել է, որ հարկավոր է հաշվի առնել ռիսկերը: Այս թեմային անդրադարձել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` ասելով, թե սահմանադրական բարեփոխումներն իրենց օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չեն ունեցել, եւ պատեհ պահի կքննարկեն այդ հարցը: Այլ կերպ ասած` իշխող քաղաքական ուժը չի բացառել կառավարման համակարգի փոփոխությունների հավանականությունը` միաժամանակ տեղ թողնելով այս հարցի շուրջ հետագա քննարկումների ու բանավեճերի համար:

Մինչ այդ նկատենք, որ տեսակետների այս տարբերությունը պատահական չէ: «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ ուժերը «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցություններն են, 2015թ. չի սատարել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, մինչդեռ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ՀՀԿ-ի հետ նույն ճամբարում էին: ԲՀԿ-ն սատարում էր սահմանադրական փոփոխությունները, իսկ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը մասնակցել էր այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Ժամանակը նաեւ եկավ ապացուցելու սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող քաղաքական ուժերի պնդումների ճշմարտացիությունը, որ ՀՀԿ-ն այս ամենը նախաձեռնել էր միմիայն Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար: 2018թ. ապրիլին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո, ՀՀԿ-ն հենց Սերժ Սարգսյանին առաջադրեց վարչապետի թեկնածու, պարզապես թավշյա հեղափոխությունն ի չիք դարձրեց նրանց պլանները` ստիպելով Սարգսյանին հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀԿ-ին ընդհանրապես հեռանալ իշխանությունից:

Այնպես որ, Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ լուրջ քննարկումներն իսկապես անհրաժեշտ են, մանավանդ որ իշխանությունները մտադրվել են սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Միաժամանակ, կեղծված հանրաքվեի միջոցով ընդամենը մեկ մարդու համար ընդունված սահմանադրությունն իր մեջ լրջագույն խութեր ու խոչընդոտներ է պարունակում:




Լրահոս