Երգչուհի Գայանե Հովհաննիսյանն այն կանանցից է, որոնք անձամբ են զբաղվում իրենց տան գնումներով, եւ կարծում է, որ հայ կինն իր տեսակով այնպիսին է, որ խնդիրներին միշտ մի լուծում կգտնի: Բայց եւ նշում է, որ հայուհին իր առօրյայում շատ զբաղված է եւ չի կարողանում իրեն լավ հետեւել: Օրինակ բերեց իրեն եւ ասաց. «Ես հո հարստության մեջ չե՞մ լողում, բայց փորձում եմ իմ կերպարը միշտ պահպանել: Ես գեղեցկության սրահներ գրեթե չեմ գնում` շատ հազվադեպ, տարին մեկ-երկու անգամ: Իմ մազերը կարճ են, եւ ես ամեն շաբաթ վարսահարդարի մոտ գնալու խնդիր չունեմ, ուստի ինքս եմ դրանք հարդարում»: Տիկին Գայանեն ցավով նշեց նաեւ, որ կանայք այսօր ոչ միայն վարսահարդարի, այլեւ շատ ուրիշ բաների համար միջոցներ չունեն, եւ ինքն այդ ամենը շատ լավ է նկատում: Այդ իսկ պատճառով էլ հորդորում է կանանց ուժ ու եռանդ գտնել եւ սեփական միջոցներով խնամել իրենց. «Ինքս չեմ գնում վիզաժիստների կամ վարսահարդարների մոտ, նույնիսկ եթե համերգ կամ հարցազրույց եմ ունենում, ինքս եմ դիմահարդարվում»,-անկեղծացավ երգչուհին:Տան առեւտուրն էլ տիկին Գայանեն անձամբ է կատարում: Չունի տան աշխատող, օգնողներ, մաքրողներ: Գնումները կատարում է տարբեր վայրերից: Չի խուսափում ժողովրդի մեջ լինելուց: «Այսօր մեր արվեստի բնագավառից շատերը փորձում են քիչ երեւալ մարդկանց մեջ, բայց ես այդ տեսակին չեմ պատկանում: Շատ հանգիստ կարող եմ սուպերմարկետ կամ հասարակ մի խանութ մտնել: Գնումներն անում ենք ես եւ իմ աղջիկը, հետեւաբար, լավ էլ տեղյակ եմ գներից,-նշեց տիկին Գայանեն, ապա ավելացրեց,-եկե՛ք չխոսենք այս թանկացման մասին: Մարդ պետք է մի քիչ խնայող լինի եւ կարողանա իր ունեցածի մեջ տեղավորվել: Կարելի է մի 5-6 հազար դրամի այնպիսի մթերքներ գնել, որ 2-3 օրվա համար կարողանաս ճաշ պատրաստել: Եթե մարդ գնում է սուպերմարկետ, ուրեմն, դրա գումարն ունի չէ՞»: Երգչուհին գերադասում է սուպերմարկետներից գնումներ կատարել, որովհետեւ այդպես ավելի ապահով է զգում: Ըստ տիկին Գայանեի` կանանց խնդիրներն անվերջանալի են: Դրանք կարող են լինել ե՛ւ առողջական, ե՛ւ կենցաղային, բայց այդ ամենը հաղթահարելի է, եթե կինը շատ ցանկանա: Ինչ վերաբերում է կնոջ արտաքին տեսքին, ավելի ճիշտ` հագուկապին, ապա գեղեցիկ, ճաշակով տեսք ունենալու համար պարտադիր չէ թանկ հագուստ կրել. «Այն, ինչ դուք տեսնում եք եթերում իմ հագին, դրանք բոլորն իմ ընտրած զգեստներն են: Կան կանայք, որոնք ընկնում են ապրանքանիշերի հետեւից: Ես այդ բնավորությունը չունեմ: Կարող եմ 20000 դրամով գեղեցիկ բլուզ գնել, որն ինձ շատ կսազի: Երբ տեսնում եմ մի բան, որն ինձ դուր է գալիս ու սազում է, չեմ նայում ապրանքանիշին, ինչն անում է մեր աստղերի մեծ մասը, նրանք հաշվի էլ չեն առնում` սազում է, թե ոչ, կարեւորը` «Արմանի» լինի: Վերջին գնումս եղել է դստերս համար. կարմիր վերարկու եւ 2 զույգ երկարաճիտք կոշիկ եմ գնել: Շատ ուրախացա, երբ բերեցի տուն, ու նա հավանեց: Աղջիկս վստահում է իմ ճաշակին»:Գայանե Հովհաննիսյանը նաեւ դասավանդում է, երիտասարդ սերունդ է կրթում: Հետաքրքիր էր իմանալ նրա վերաբերմունքը այն երիտասարդների մասին, որոնք այսօր ուզում են երգիչ-երգչուհի դառնալ: Արդյո՞ք բոլորի մոտ ստացվում է: «Իհարկե ոչ,-փաստեց տիկին Գայանեն,-ես կարծում եմ, որ դա հանցագործություն է: Երեկվա աղջիկը կամ տղան մի հատ երգ են գնում, հետո հովանավոր են գտնում, տեսահոլովակ նկարում ու սկսում այդ հոլովակն անդադար ցույց տալ հեռուստատեսությամբ: Դա ահավոր բան է: Չեմ ուզում անուններ տալ:Ուղղակի ափսոսում եմ, որ շատ տաղանդավոր երեխաներ մնում են ստվերում, որովհետեւ նրանց ծնողները չունեն այդքան հնարավորություն, որ իրենց երեխաներին առաջ տանեն: Այսօր շատ հարցեր որոշում է գումարը: Լավ գիտենք, թե ինչ արժե երգը, ձայնագրությունը, տեսահոլովակը…»:Իսկ այն հարցին, թե կինը երբ կարող է ասել, որ ինքը երջանիկ է, երգչուհին պատասխանեց. «Միայն այն դեպքում, երբ նա ունի շատ լավ ամուսին: Ամուսինը կնոջ համար պետք է լինի շատ հոգատար, իսկական ընկեր, լավ հայր, մի խոսքով` ամեն ինչ: Ամենակարեւոր բանը կնոջ համար այն է, երբ ընտանիքում կա հարգանք եւ հասկացվածություն»:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ