ՖՈՏՈ. Կստեղծվի՞ արդյոք Գյումրիում մոնումենտալ արվեստի թանգարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է Մինաս Ավետիսյան հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը՝ նկարչի որդին:

-Պարոն Ավետիսյան, վերջերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը բարձրաձայնում էր այն մասին, որ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը թատրոնի համար խնդիրներ է ստեղծում, որ այն ճիշտ տեղում չէ: Կուզեի իմանալ՝ ո՞վ է որոշում և ինչպե՞ս է որոշվում, թե որմնանկարը որտեղ պետք է հանգրվանի:

-Մինչ այժմ որոշումները կայացրել է մշակույթի նախարարությունը: Ընդ որում, այնտեղ այս հարցի շուրջ բավական երկար քննարկումներ եղան: Վերջապես որոշվեց տեղադրել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը, որն իրականացնում էր աշխատանքները, և վերականգնողական խումբը դեմ էր այդ որոշմանը, բայց օբյեկտիվ լինելու համար պիտի նշեմ, որ Գյումրիում չկար և դեռ չկա մի շինություն, մի պատ, որտեղ հնարավոր կլիներ տեղադրել որմնանկարը:

-Իրենից բավական մեծ դժվարություն է ներկայացնում որմնանկարի տեղափոխում-տեղադրումը, մանավանդ եթե այն պետք է տեղադրվի ոչ առաջին հարկում: Ինքնըստինքյան ենթադրելի է, թե ինչ ահռելի աշխատանք պետք է հաղթահարեք գործն ավարտին հասցնելու համար: Արդյոք դժվար չէ՞ մի բանը երկու անգամ անել:

-Անշո՛ւշտ: Տեխնիկապես շատ դժվար գործ էր բերելը, ինչպես նաև կնշանակի տանելը, բացի դրանից՝ կլինեն նոր վնասվածքներ, իհարկե՝ ոչ մեծ: «Սարերում» որմնանկարը բավական մեծ չափեր ունի՝ բարձրությունը մոտավորապես 4մ է, իսկ երկարությունը՝ 16-17 մ: Մենք այն բարձրացրել ենք թատրոնի երկրորդ հարկ, բաղկացած էր 3 մասից, մոնտաժել ենք:

Հիմա պետք է հակառակն անել՝ ապամոնտաժել, հանել շենքից, հետո կրկին նոր շենքում հավաքել և վերականգնել կորուստները: Եվ իհարկե, էժան գործ չէ տեղափոխումը: Նաև բարոյահոգեբանական խնդիր կա. պատասխանատվության մեծ բեռ ես կրում, չէ՞ որ գործ ունես հուշարձանի հետ, որն անվանի հայ վարպետ է ստեղծել, ով էլ մեզ հետ չէ, և երկրորդ այդպիսի որմնանկար չի գալու, չի ստեղծելու: Ամեն անգամ ինքդ քո առաջ մեծ քննություն ես հանձնում:

-Յուրաքանչյուր անգամ նո՞ւյն թրթիռն ու հուզմունքն եք ապրում:

-Այո՛, և բացարձակ կապ չունի՝ Մինասի գո՞րծն ես վերականգնում, թե՞ իր ժամանակաշրջանի ընկերների, կոլեգաներից որևիցե մեկի: Եվ գուցե շատ անգամ ավելին ես ուզում ներդնել:

-Ո՞րն էր առաջին փրկված որմնանկարը:

-Եղել է «Աղբյուրի մոտ» գործը (հեղինակ՝ Մ.Ավետիսյան), որը հանել են բուլղարացի մասնագետները: Եվ այսօր անկեղծ ուզում եմ անպայման պատմել որմնանկարների փրկման նախապատմությունը, որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը: Մինչ 1988 թ. երկրաշարժը մարդկային գործոնի հետևանքով որմնանկարներն արդեն տեղ-տեղ վնասվել էին: Ես հոդված գրեցի այդ թեմայով, որի համար լուրջ քննադատության արժանացա Լենինականի Քաղկոմի առաջին քարտուղարից, սակայն նա հետո ընդունեց իր սխալը: Իսկ 1988 թ. երկրաշարժն արդեն գիտենք՝ ինչ արեց…

Այդ ծանր օրերին Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահի խորհրդական, քաղաքագետ Կուրղինյանը՝ հանդիպելու հայ մտավորականներին: Մեզ էլ այցելեց, ես պատմեցի նրան, որ Ջաջուռի թանգարանը, Մինասի հայրական տունը ավերված են, իսկ որմնանկարները ողբալի վիճակում են: Նա գնում էր Սիլվա Կապուտիկյանին այցելության, առաջարկեց միասին գնալ: Այդպես ես հայտնվեցի Կապուտիկյանի տանը. նա տեղեկացավ որմնանկարների վիճակի մասին, անմիջապես կապնվեց Կենտկոմի մշակույթի վարչության պետի՝ Հ. Քոթանջյանի հետ, ով անմիջապես հրավիրեց ինձ իր մոտ:

Նույնը պատմեցի նրան: Այսօրվա պես հիշում եմ՝ ձեռքը խփեց ճակատին և ասաց՝ Էս ո՜նց էինք մոռացել խառը օրերին որմնանկարների մասին: Հարցրեց՝ մեքենայո՞վ ես, ասացի՝ Զապառոժեցով եմ, ասաց՝ համարենք ֆոլցվագեն ա: Ժամեր անց մենք արդեն փաստաթուղթ ունեինք, որ որմնանկարները հանդիսանում են հուշարձան և պահպանվում են պետության կողմից: Դա կանգնեցրեց ռուս զինվորականներին՝ ռազմական նշանակության այդ գործարանները հողին չհավասարեցնել: Հիշում եմ` ռուս գնդապետը բղավում էր վրաս. «Убери отсюда эти стены к чёртовой матери, чтоб я их не видел больше»:

Դրանից երկու տարի անց Անկախ Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով, երկար ու ձիգ բանակցություններից հետո բուլղարացի մասնագետները սիրով եկան և իրենց գիտելիքների ներածին չափով արեցին ամեն ինչ: Այդ ողջ ընթացքում ես պետական հանձնաժողովի անդամ էի յուրօրինակ պաշտոնով՝ Արման Ավետիսյան-Մինասի տղա:

-Իսկ կա՞ տարբերություն բուլղարացի մասնագետների վերականգնման տեխնոլոգիայի և իտալական տեխնոլոգիայի միջև:

-Ասեմ, որ կա տարբերություն բուլղարացիների այն ժամանակվա վերականգնման և իտալացիների այսօրվա տեխնոլոգիայի միջև: Բուլղարական մեթոդիկայով կորուստներն անհամեմատ մեծ են ստացվում: Նրանք նկարը հանում են մասերով, իսկ իտալացիները՝ ամբողջությամբ, այս դեպքում կորուստները քիչ են: Ինչպես նաև օգտագործվող նյութերն անգամներ ավելի ուժեղ են: Հենքը, որի վրա իտալացիներն ամրակայում են որմնանկարը, շատ ամուր է՝ ալյումինե թիթեղ է, որը պատված է ապակու թելերով և ժամանակի ընթացում չի դեֆորմացվում, չի ծռվում, դիմանում է ջերմային տատանումներին և այլն, իսկ փայտային հենքի դեպքում այդպես չէ:

-Ձեր գիտակից կյանքի մի զգալի հատված նվիրել եք որմնանկարների փրկմանը…

-Դա շատ երկար ճանապարհ էր: Ես` որպես հայ մարդ, մշակութային ընտանիքի զավակ, հետագայում՝ Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Ջաջուռ գյուղում, չէի կարող դա անտեսել: Շատ-շատ մարդիկ ինձ փորձում էին համոզել, որ դա հնարավոր չէ, որ այդպիսի տեխնոլոգիա չկա:

Բայց դա սուտ էր, որովհետև Ազգային պատկերասրահում տեսնում ենք դրա հաջողված փորձերը՝ բավականին վաղուց արված: Հետո սկսեցին ինձ համոզել, որ դրանք իրենցից գեղարվեստական արժեք չեն ներկայացնում և այդ նույն ժամանակ հրատարակվում էին հաստափոր գրքեր, որտեղ հենց այդ նույն «արժեք չներկայացնող» որմնանկարները տպվում էին, գովեստներ էին գրվում տարբեր արվեստաբանների կողմից և ոչ միայն հայ:

-Բայց կարծես թե «Գիշեր» որմնանկարն «անտեր» է մնացել…

-Տերը պետությունն է, որը որմնանկարը ընդգրկել է հուշարձանների ցանկում և, զարմանալիորեն, մատնել անուշադրության: Այն գտնվում է Գյումրու «Օմեգա» գործարանի ավերված շենքում: Նկարի նշանակալից մասը պահապանված է, և դեռ ուշ չէ` այն վերականգնելու համար:

-Հետաքրքիր է, ժամանակին, երբ Մինասի որմնանկարները տեղափոխում էին Երևան, Գյումրիում բուռն բացասական արձագանք եղավ՝ հասարակական կազմակերպություններ ոտքի ելան, ստորագրություններ հավաքվեցին, իսկ այսօր նույն Գյումրիում, երբ ժամ ժամի փչանում է «Գիշերը», ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում…

-Այս հարցը խորքային է, որին չէի ուզենա անդրադառնալ: Ուղղակի նշեմ, որ այն ժամանակ Գյումրիի բնակչությունը և մտավորականությունը ապատեղեկացված էին: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ որմնանկարները փրկված են և ժողովրդի ու պետության սեփականությունն են:

-Այնուամենայնիվ, որմնանկարները ցրված են, և հետաքրքրվողի համար բավականին խնդրհարույց է դրանք տեսնելը, իսկ որոշները պարզապես անհասանելի են:

-Դուք միանգամայն իրավացի եք, և դա որմնանկարների խնդրի երկրորդ մասն է: Եթե առաջինը փրկելն էր, ապա երկրորդը` դրանք ճիշտ ցուցադրելը: Այստեղ կամային որոշման խնդիր կա՝ բոլոր որմնանկարները մեկտեղել մի շենքում, որը կկոչվի Մոնումենտալ արվեստի թանգարան, իսկ այդ շենքի հասցեն միանշանակ Գյումրին է: Դա կլինի տարածաշրջանում և, թերևս, աշխարհում եզակի մի բան: Կմեկտեղվեն ոչ միայն Մինասի, այլև մի շարք անվանի նկարիչների մոնումենտալ գործեր: Նշենք, որ այդտեղ կարող է ցուցադրվել նաև «Գայանե» բալետի պահպանված օրիգինալ հսկա ձևավորումները: Եվ այն գումարները, որ կներդրվեն այս թանգարանի համար, շատ արագ կփոխհատուցվեն տուրիստական հոսքի հաշվին:

– Կարծո՞ւմ եք…

– Գյումրիում տուրիստները մեկ օրվա են, և որպեսզի այնտեղ տուրիզմը իրական օգուտ բերի, պետք է տուրիստին պահել 2-3 օր, իսկ դրա համար համապատասխան վայրեր պետք է լինեն: Կարծում եմ, մոնումենտալ արվեստի թանգարանը կլինի պոպուլյար վայրերից մեկը:

-Վերադառնանք «Գիշեր» որմնանկարին: Հնարավոր չէ՞ այն ինչ-որ կերպ ամրակայել, որ լրիվ չկորցնենք:

– Հնարավոր է, ուղղակի երկար չի կարող մնալ, մաքսիմում մեկ տարի:

– Որքա՞ն գումար կպահանջվի ամբողջական վերականգնման համար:

– 20-25 հազար դոլլարին համարժեք գումար:

– Կվստահե՞ք տեղի մասնագետներին, թե՞ կհրավիրեք Իտալիայից:

– Սա նեղ մասնագիտական խնդիր է, և մեր մասնագետների ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա՝ կարիք կա՞ իտալական կողմի մասնակցության:

-Ընդհանուր թվով քանի՞ որմնանկար եք վերականգնել:

-Մի րոպե հիշեմ… ընդհանուր թվով՝ 10, որոնցից 8-ը՝ Մինաս:

-Հերթով վերականգնում էիք ձեր հայրիկի աշխատանքները: Բայց հետո հիմնադրամն առաջարկ ստացավ վերականգնել Ռ. Աթոյանի և Հ. Հակոբյանի աշխատանքները, ուրա՞խ էիք, որ «ընտանեկան» շրջանակից դուրս եկաք:

-Ասեմ, դա շատ կարևոր է: Ես միշտ էլ ասում էի, որ Մինասի որմնանկարների հետ միասին գտնվում են նաև այլ նկարիչների աշխատանքներ, և բոլորն էլ լավն են, արժանի են պահպանման: Բայց միշտ Մինասինն էր առաջնային, որովհետև, միգուցե, ամենաանվանին է և ամենավատ վիճակում, ի դեպ, հե՛նց նրա գործերն էին: Այսինքն՝ կար նաև ստիպված առաջնայնություն: Այսօր էլ այլ հեղինակների որմնանկարներ կան, որոնց անհրաժեշտ է փրկել, և եթե ինձ հանձնարարեն, պատրաստ եմ սիրով հանձն առնել:

-Եթե հնարավորություն ունենայիք, Հայաստանում ո՞ր հուշարձանը կվերականգնեիք:

-Ամբերդը, և՛ որպես հուշարձան, և՛ որպես պետականության հարատևության սիմվոլ:

-Ո՞րն է Ձեր ճանապարհը:

-Երևան- Գյումրի, որովհետև տանում է Ջաջուռ…

Լիլիթ Փաշինյան
Հատուկ ArmLur.am-ի համար




Լրահոս