Անկախության սերնդի ներկայացուցչին ԽՍՀՄ հանդեպ կարոտա՞խտն է դրդում վերադառնալ խորհրդային հիմնին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին խոսել է օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին: Եթե թվում էր, որ շաբաթներ առաջ օրհներգի փոփոխության գաղափարը հրապարակ նետելով` նա ընդամենը զվարճանում է` փորձելով հասարակության ուշադրությունը մի փոքր էլ իր վրա սեւեռել, ապա վերջին երկու օրերին Սիմոնյանի խոսքերից հակառակ տպավորություն է. նա կարծես լուրջ է տրամադրված: Սա այն դեպքում, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շտապել էր հայտարարել, թե իշխանության օրակարգում օրհներգը փոխելու հարց չկա: Սիմոնյանն ինքն էլ երեկ ասել է, թե օրհներգը փոխելու որեւէ պաշտոնական նախաձեռնություն չկա ու չի նախատեսվում, այլ սա մի խումբ մտավորականների, նաեւ իր նախաձեռնությունն է: «Փորձում ենք Արամ Խաչատրյանի աստվածային երաժշտության համար տեքստ գտնել»,- ասել է նա:

Օրհներգի փոփոխության հարցի շուրջ կարծիքները տարբեր են. հասարակության մի մասը կողմ է դրան, մի մասը՝ կտրուկ դեմ: ՈՒ պետք է նկատենք, որ օրհներգի փոփոխությանը դեմ արտահայտվողները ոչ թե պատահական մարդիկ են` պահի թելադրանքից ելնելով (ինչպես փոփոխության կողմնակիցների դեպքում է), այլ հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժեր, մասնավորապես` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, էլի մի քանիսը: Սա, թերեւս, պատահական չէ. այս երկու ուժերը կանգնած են եղել հայոց պետականության ակունքներում` ՀՅԴ-ն՝ ՀՀ առաջին հանրապետության, ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն, երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում էր: Եւ իրենք լավ պատկերացնում են, որ օրհներգը ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, բարձրաճաշակ որեւէ գործ՝ այս կամ այն գործչի ճաշակով ընտրված, այլ որոշակի ավանդույթներ ունեցող սիմվոլ: Ու պատահական չէ, որ ժամանակին ՀՀՇ-ն, չնայած ՀՅԴ-ի հետ գաղափարական հակասություններին, այնուամենայնիվ, որոշեց որպես ՀՀ օրհներգ ընտրել առաջին հանրապետության հիմնը, որովհետեւ այդպես է պահանջում պետականաշինության չգրված օրենքը:

Բայց այսօր Սիմոնյանի նախաձեռնությունն անհասկանալի է մեկ այլ առումով. երբ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2006թ.-ին, խոսվեց հիմնի փոփոխության մասին ու նշվեց, որ կարելի է վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը` պարզապես փոփոխված բառերով, ինչ-որ տեղ հասկանալի էր. ԽՍՀՄ տարիներին կուսակցական պաշտոններ զբաղեցրած անձանց ու պալատական մտավորականներին խեղդում է անցյալի կարոտախտը: Բայց այսօր Խորհրդային Հայաստանի սիմվոլիկայի (թեկուզ եւ փոփոխված տեսքով) վերականգնման մասին խոսում է անկախության երիտասարդ սերնդի ներկայացուցիչը, որ թվում է` միանգամայն այլ տեսակետ պետք է ունենար, ու հասկանար, որ ԽՍՀՄ սիմվոլիկան դեռ երկար պետք է մերժվի հայտնի պատճառներով:




Լրահոս