ՖՈՏՈ. 9 տարի՝ աշխարհի հայերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիան գործակցության տասներկուամյա ժամանակահատվածում մի շարք ծրագրեր են իրականացրել: Դրանցից մեկի շնորհիվ ինը տարի շարունակ տպագրվել է ճանաչողական բնույթի գիրք՝ յուրօրինակ հանրագիտարան հանդիսանալով Հայաստանի ու արտերկրի ընթերցողների համար: Հային ու հայկականությանն առնչվող շարքի շրջանակում առ այսօր արդեն հրատարակվել է ինը հատոր: Գործընկերներն այդ գրքերի շնորհանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի՝ Հայ գրատպության առաջնեկներին նվիրված սրահում: Այսուհետև հավաքածուն իր պատվավոր տեղը կունենա Ազգային գրադարանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ մշակութային արժեք ներկայացնող գրքերի ստեղծման աշխատանքները 2011 թվականից իրականացրել է Համահայկական աշխարհագրական ասոցիացիան: Առաջին 4 հատորում ներկայացված են աշխարհի հայկական հուշարձաններից 800-ը: Դրանք հայերի նախաձեռնությամբ ու հայերին նվիրված ՝արտերկրում առկա բոլոր հուշարձանները չեն, սակայն մեծ մասն են:

«Նպատակը, որի շուրջ գործակցել ենք տարիներ շարունակ, ոչ թե մյուսների նկատմամբ մեր ազգի առավելությունն ընդգծելն է, այլ ինքնաճանաչողությունն ու մեր մշակույթն աշխարհին հասանելի դարձրած հայորդիների գործը գնահատելը: Պիտի արձանագրեմ, որ մեր գործունեության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն թիմային աշխատանքով ու նվիրմամբ, այլև այս ինը հատորում տեղ գտած անվանի հայերից յուրաքանչյուրի անցած ճանապարհով: Ուզում եմ հավատալ, որ շարքը հաճույքով կընդունվի նաև գրադարանի այցելուների կողմից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հինգերորդ և վեցերորդ հատորներում զետեղված տեղեկություններն առնչվում են աշխարհի հայ երաժիշտներին: Գործընկերների համատեղ ջանքերով հավաքագրված նյութերի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու արտերկրի անվանի հայ երաժիշտների գործունեությանը: Մարդիկ, ովքեր իրենց նվիրման շնորհիվ ոչ միայն իրենց ստեղծագործական ուղին են հարթել, այլև նպաստել են մեր երկրի հեղինակության բարձրացմանը:

Հաջողված գործընկերության արդյունքում հաջորդիվ տպագրվել է աշխարհի հայ նկարիչների մասին պատմող ևս երկու հատոր: Սկզբունքը մնացել է նույնը. ներկայացնել ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայերի ավանդը մշակույթի մեջ: 8-րդ գրքի տպագրությունը համընկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հոբելյանին և նվիրվել նրան:

2018 թվականին գործընկերներն անդրադարձել են հայ կինոգործիչներին: Այդ թվականին տպագրված հատորը՝ իններորդը, նվիրվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Դրանում ներկայացված է կինեմատոգրաֆի արվեստին տիրապետող՝ Հայաստանից դուրս ապրած և ապրող հայ կինոգործիչների գործունեությունը:

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը խոսել է նախագծի գաղափարի, դրա կարևորության ու անհրաժեշտության, իրականացման գործընթացի, ինչպես նաև երկու կազմակերպությունների միջև համագործակցության մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի գործընկերությունը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:




Լրահոս