Զինված ուժերի ապաքաղաքական լինելու մասին արդեն պնդում է նախարարը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին, իսկապես ուշագրավ էր: «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց, բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով` «Մարտի 1»-ի քրեական գործը ե՛ւ բանակի ավագ կազմի, ե՛ւ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: «Անընդհատ հրավերներ ՀՔԾ եւ այլ վայրեր:

Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլեւս այդպես շարունակել չի կարելի»,- պնդել է Տոնոյանը:

Փաստորեն, առաջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով նման պնդում է հնչում, այն էլ մի իրավիճակում, երբ հենց բանակի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական գործ է հարուցված, ու մեղադրանք է առաջադրվել երկրի նախկին բարձրաստիճան ղեկավարությանը: Սակայն պետք է նկատենք, որ Տոնոյանի հայտարարությունները որոշակի հստակեցման կարիք ունեն:

Ըստ էության, նա հստակ չի մատնանշել՝ զինված ուժերը երբ են ներգրավվել մարտիմեկյան իրադարձություններին, 2008թ. փետրվարի 23-ից՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի սպայական կազմի հետ հանդիպումից հետո ծնված 0038 գաղտնի հրամանո՞վ, թե՞ մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների վրա, թե՞ երեկոյան Լեո-Պարոնյան խաչմերուկում, թե՞ ավելի ուշ, երբ արդեն հայտարարված էր արտակարգ դրություն, ու բանակի վրա էր դրված պետական կարեւորագույն օբյեկտների պաշտպանությունը:

Չնայած, մեծ հաշվով, սա կարեւոր չէ. 2008թ. գործող սահմանադրության համաձայն` ԶՈՒ օգտագործումը ներքաղաքական խնդիրների դեպքում արգելված էր: Ու այս դրույթը շատ հստակ էր: Սահմանադրության մեջ հստակ նշված էր՝ ԶՈՒ օգտագործումը թույլատրված է ՀՀ-ի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի կամ պատերազմ հայտարարելու դեպքում՝ ռազմական դրության ժամանակ: Ավելի ուշ` Սերժ Սարգսյանի օրոք միայն ընդունվեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը՝ այնտեղ սահմանելով ԶՈՒ օգտագործման դեպքերը:




Լրահոս